Սնանկության դատարանի դատավոր Տիգրան Փոլադյանը կալանավորվեց

Սնանկության դատարանի դատավոր Տ.Փ.-ի նկատմամբ կալանքը՝ որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն է ներկայացվել դատարան:  Դատարանի որոշմամբ միջնորդությունը բավարարվել է: Այս մասին հայտնում են գլխավոր դատախազությունից։

Երեկ դատախազությունից հայտնել էին, որ գլխավոր դատախազի տեղակալի որոշմամբ՝ Սնանկության դատարանի դատավոր Տիգրան Փոլադյանի  նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար (Քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետեր):

Որոշումն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե. դատավորին ներկայացվել է մեղադրանք: Դատավորը ձերբակալվել է:

ՀՀ գլխավոր դատախազը 2023 թվականի դեկտեմբերի 14-ին միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 51-րդ և 161-րդ հոդվածների հիման վրա՝ դատավորի լիազորությունների իրականացման կապակցությամբ նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու, դատավորին ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու միջնորդությամբ:

Բարձրագույն դատական խորհուրդը, Դատական օրենսգրքով նախատեսված ընթացակարգով, հրավիրել է նիստ և բավարարել Սնանկության դատարանի դատավոր Տ.Փ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունները: