Սահմանազատման հանձնաժողովների հաջորդ հանդիպման ժամկետ չկա. Ինտերվալ սահմանելը անիմաստ է. Մհեր Գրիգորյան

Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների  հաջորդ հանդիպման վերաբերյալ դեռեւս պայմանավորված ժամկետներ չկան: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 15-ին, Հայ–ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակներում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Չեմ կարող ասել, որովհետեւ ամեն փուլում, կարծում եմ՝ մինչեւ հաջորդ փուլ կամ հաջորդ հանդիպում աշխատանքները տարբեր են լինելու եւ այդ իմաստով ինչ-որ ստանդարտ ժամկետներ պայմանավորվելն իմաստ չունի: Այս անգամ  քննարկում էինք աշխատակարգը, հաջորդ հանդիպմանը, կարծում եմ՝ կքննարկենք կանոնակարգը, որը նկարագրություն կունենա մեթոդաբանություն, սահմանումներ եւ այլն: Դա շատ ավելի բարդ նախագիծ է լինելու եւ ներքին շրջանառության իմաստով էլ ավելի շատ ժամանակ կպահանջի: Կախված նրանից, թե հերթական հանդիպումից հետո պայմանավորվածությունն ինչ բովանդակություն կունենա, նոր ավելի մոտավոր կարելի է պատկերացնոել՝ երբ կլինի հաջորդ հանդիպումը»,-ասաց նա: