ԱՄՆ-ն ողջունում է Թուրքիայի դերը Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործում. Պետդեպ

Միացյալ Նահանգները ողջունում է Թուրքիայի արդյունավետ դերը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման գործում։ Այս մասին ճեպազրույցում ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը՝ մեկնաբանելով Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հայտարարությունները։

Միլլերի խոսքով՝ Վաշինգտոնը, ինչպես Անկարան, աջակցում է խաղաղության հաստատմանն ուղղված ուղիղ բանակցություններին Երեւանի եւ Բաքվի միջեւ։

Ինչ վերաբերում է ԱՄՆ պետքարտուղար Էնտոնի Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի վերջին բանակցություններին, ապա այս թեման, ըստ ամերիկացի դիվանագետի, քննարկվել է։

Միլլերի խոսքով՝ այս հարցը պարբերաբար վերանայվում է արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարների կողմից։ Նա, սակայն, չի հրապարակել քննարկման մանրամասները։

Դեկտեմբերի 14-ին Բաքվում կայացած մամուլի ասուլիսում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին։ Նրա խոսքով, եթե Երեւանի եւ Բաքվի հարաբերությունները կարգավորվեն, ապա Թուրքիան կկարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ։