Փաշինյանը և ՌԴ փոխվարչապետը խոսել են տրանսպորտային և տնտեսական հաղորդուղիների ապաշրջափակման մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին: Հանդիպմանը մասնակցել է նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ զրուցակիցները քննարկել են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների շրջանակներում հայ-ռուսական հարաբերությունների արդիական հարցերը, ինչպես նաև ԵԱՏՄ ձևաչափում փոխգործակցությանն առնչվող թեմաներ:

Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական հաղորդուղիների ապաշրջափակման հնարավորություններին:

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և պատրաստ է ինքնիշխանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը: