Վաչագան Ղազարյանից բռնագանձված «Եռաբլուրի» անշարժ գույքերը ամրացվեց Պետգույքի կոմիտեին

Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 14-ի նիստում որոշեց Դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով թվով 4 հաշտության համաձայնությունների արդյունքում պետությանը փոխանցված 4 միավոր անշարժ և 1 միավոր շարժական գույքը ամրացնել ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին:

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նշեց այդ գույքերը. Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Ծովակալ Իսակով պողոտայի 25/2, 25/3 և 25/4 հասցեները և Արաբկիր վարչական շրջանում Վաղարշյան փողոցի ավտոտնակներից մեկը, ինչպես նաև շարժական գույքը՝ «Ռենջ Ռովեր սպորտ» ավտոմեքենան:

Իր հերթին գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նշեց այս տարի ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով կնքվել է 4 հաշտության համաձայնություն, որոնցով Հայաստանին է փոխանցվել 6 անշարժ և 1 շարժական գույք, որոնց շուկայական մոտարկված արժեքը 2 մլրդ 100 մլն դրամ է կազմում:

«Ինչպես նաև ՀՀ-ին է վերականգնվել շուրջ 79 մլն դրամ: Նշված գույքերից 5-ի նկատմամբ՝ 4 անշարժ և մեկ շարժական գույք, արդեն իսկ գրանցվել է ՀՀ սեփականության իրավունքը և այս նախագծով առաջարկվում է դրանք ամրացնել պետգույքի կառավարման կոմիտեին: Նախագծի ցանկում են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անվտանգության նախկին պետ Վաչագան Ղազարյանի կողմից պետությանը վերադարձված «Եռաբլուր» պանթեոնին հարակից երեք հողատարածքները»,-ասաց նա և թվարկեց հողատարածքների չափերը՝

21 498, 9 քմ մակերեսով բնակավայրերի նշանակության հողամաս և 34, 76 քմ մակերեսով հասարակական տարածք,

1687, 9 քմ մակերեսով բնակավայրերի նշանակության հողամաս, 237,9 քմ մակերեսով հասարակական տարածք,

14 260,9 քմ մակերեսով հողամաս և 25,6 քմ մակերեսով տարածք:

Որոշման մեջ նշված ավտոտնակն ու մեկ շարժական «Ռենջ ռովեր» մակնիշի ավտոմեքենան պատկանել են Էրեբունի վարչական շրջանի նախկին ղեկավար Արմեն Հարությունյանին: Եվս մեկ անշարժ գույքի նկատմամբ ՀՀ սեփականության իրավունքը կգրանցվի առաջիկայում»,-ասաց Վարդապետյանը: