Դատարանը մերժեց Գագիկ Խաչատրյանին կալանավորելու մասին դատախազի միջնորդությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ մերժեց ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին կալանավորելու մասին մեղադրող դատախազի միջնորդությունը։

Դատարանը արձանագրել է, որ Գագիկ Խաչատրյանն ունի մի շարք հիվանդություններ, որոնք հաստատվել են համապատասխան բժշկական փաստաթղթերով, դատաբժշկական փորձաքննությունների եզրակացություններով և այլ փաստական տվյալներով։

Դատարանը գործով ամբաստանյալի բացակայությունը համարեց հարգելի․ «Քանի որ ցանկացած դատական նիստից առաջ բացակայության պատճառների մասին ներկայացվել են համապատասխան փաստաթղթեր։ Դատարանը գտել է, որ խափանման միջոցի պայմանների խախտում չի արձանագրվել»։

Նշենք, որ հաջորդ դատական նիստը նշանակվել է 2024 թվականի հունվարի 8-ին։

Խաչատրյանի խափանման միջոցի փոփոխման հարցով հրատապ դատական նիստ էր գումարվել։ Մեղադրող կողմը գտել էր, որ Խաչատրյանն անհիմն պատճառաբանությամբ չի ներկայանում դատարան։ Այդ հիմնավորումներին ի հակադրություն՝ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանն էլ հայտարարել էր, որ ոչ միայն հիմք չկա իր պաշտպանյալին կալանավորելու, այլև Խաչատրյանը առողջական լուրջ խնդիրներ ունի, և վիրահատության նպատակով դատարանը պետք է թույլ տա նրան մեկնել արտերկիր։

Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը և Կարեն Խաչատրյանը մեղադրվում են պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման, գույքի վատնման և պաշտոնեական կեղծիքի համար։ Երկուսն էլ չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը, և ըստ գործում առկա ապացույցների, երբևէ փորձ չեն կատարել թաքնվել քննությունից կամ խոչընդոտել քննության ընթացքը։ Գագիկ Խաչատրյանը 2019թ. գտնվելով Գերմանիայում՝ քննիչի առաջին իսկ հեռախոսային կանչով ընդհատել է հետվիրահատական պարտադիր բուժումը և վերադարձել Հայաստան ու ներկայացել վարույթն իրականացնող մարմնին։ Կարեն Խաչատրյանը խափանման միջոցի՝ կալանավորման վճռի հրապարակումից հետո անձամբ է ներկայացել դատարան։