31 վարորդ ազատվել է աշխատանքից՝ քաղաքացիների հետ ոչ պատշաճ վերաբերմունքի, երթևեկության խախտումների պատճառով

Քաղաքացիների հետ ոչ պատշաճ վերաբերմունքի, երթևեկության ընթացքում թույլ տված խախտումների պատճառով ավտոբուսի 31 վարորդ ազատվել է աշխատանքից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը:

«Երևանի քաղաքապետարանն իր ենթակա կազմակերպություններում աշխատանքային կարգապահության և մասնագիտական պարտականությունների թերացումների, ինչպես նաև այլ արատավոր երևույթների դեմ հետևողական, խիստ միջոցներ է կիրառում և շարունակելու է կիրառել:

Մանկապարտեզների տնօրենների ազատման՝ նախորդ գրառմանս համատեքստում, ուզում եմ տեղեկացնել, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում նույնպես աշխատակիցներ (վարորդներ) են ազատվել աշխատանքից:

Մասնավորապես՝ ս.թ. սեպտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում քաղաքացիների հետ ոչ պատշաճ վերաբերմունքի, երթևեկության ընթացքում թույլ տված պարբերական խախտումների, ինչպես նաև ծառայողական այլ խնդիրների պատճառով 31 վարորդ ազատվել է աշխատանքից»,- գրել է Կոստանյանը: