«Միասին» նախաձեռնությունն սկսել է հանրային քննարկում՝ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու օրակարգի շուրջ

Քննարկումների ընթացքում նախատեսվում է նախապատրաստել և ձևակերպել բոլոր այն հիմնավորումները, որոնք անհրաժեշտ են կառավարության և նրա ղեկավարին՝ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացը սկսելու համար։

Նախաձեռնության անդամ, Հայաստանի Դեմոկրատական կուսակցության հիմնադիր Արամ Սարգսյանն ընդգծեց, որ թեև հայտնի է, թե ինչ իրավիճակների մեջ ենք եղել անցած 5 տարիների ընթացքում, սակայն ամփոփված ներկայացված չէ այն ամենը, ինչը կարող է հիմք դառնալ նրան հրաժարականը պարտադրելու համար։

Քննարկման մասնակիցները վստահ են, որ ոչ միայն Արցախի հիմնախնդիրևը տապալելն ու Արցախի կորուստն է Փաշինյանին անվստահություն հայտնելու խատճառը, այլև Հայաստանի ազգային պետական ինստիտուտների կազմաքանդումը։

Ըստ մասնակիցների՝ Արցախի հանձնումը կանխորոշված էր դեռ 2018-ին, երբ Փաշինյանն իշխանության եկավ։

«Այս մասին մի քանի օր առաջ իր խոսքում հաստատել է հենց Նիկոլ Փաշինյանը, երբ ասաց, որ Արցախի հանձնումը կանխորոշված էր, ու պետք է իրականացվեր։ Հիմա, երբ վերլուծում ենք այդ պրոցեսը՝ հասկանում ենք, որ քայլ առ քայլ այդ ծրագիրն իրականացվել է և այժմ էլ վտանգված է Հայաստանի Հանրապետությունը։

ՀՀ ճակատագիրը բացարձակ մշուշոտ է, քանի որ օր օրի կազմաքանդում են նաև պետական համակարգերը։ Ընդ որում՝ այս կամ այն երկրից զենք գնելը ոչինչ չի նշանակում, քանի որ չկա գործող համակարգ, ուստի՝ Փաշինյանին ու իր կառավարությանը անվստահություն հայտնելու գործընթացը պետք է օր առաջ տեղի ունենա»,-ասաց Արամ Սարգսյանը։

Նրա խոսքով, այսօր միասնությունն անհրաժեշտ բան է. «Պետք չէ միմյանց համոզել, որ բարդ իրավիճակ է, այլ մեր ելույթներում պետք է ասենք, ինչո՞ւ և ինչպե՞ս»։