Ե՞րբ կվերադառնան գերիները․ Ալեն Սիմոնյանի մեկնաբանությունը

«Սպասում ենք և լիահույս ենք, որ մոտ ժամանակներս տեղեկություն կունենանք գերիների վերադարձի մասին»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Նա նշեց, որ ձեռք բերված պայմանավորվածության փոփոխության չկա, գործընթացը ընթացքի մեջ է։

Հիշեցնենք, որ դեկտեմբրի 7-ին «Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմի համատեղ հայտարարություն էին տարածել, ըստ որի. «Առաջնորդվելով մարդասիրության արժեքներով, և որպես բարի կամքի դրսևորում, Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների:

Հայաստանի Հանրապետությունն իր հերթին, առաջնորդվելով մարդասիրության արժեքներով, և որպես բարի կամքի դրսևորում, ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողների:

Որպես բարի կամքի քայլ` Հայաստանի Հանրապետությունն իր աջակցությունն է հայտնում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը («COP29») հյուրընկալելու նպատակով Ադրբեջանի Հանրապետության ներկայացրած հայտին և հանում է իր թեկնածությունը»։