Բայրամովը Բորելին բողոքել է

Ադրբեջանի և Հայաստանի միջև ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ սկզբունքների հարգման վրա հիմնված բարիդրացիական հարաբերությունների հաստատումը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման միակ ճանապարհն է։

Այս մասին դեկտեմբերի 11-ին Բրյուսելում Եվրամիության արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելի հետ հանդիպման ժամանակ ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Ինչպես նշում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով երկրի ԱԳՆ հայտարարությանը, հանդիպմանը կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող և տարածաշրջանային մի շարք հարցեր։

Ադրբեջանի ԱԳ նախարարը Բորելին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացն ու նշել վերջին միջոցառումների դրական ազդեցությունն այդ գործընթացում վստահություն ձևավորելու հարցում։

Հանդիպմանը Բայրամովը նաև ընդգծել է, որ Ադրբեջանը բարձր է գնահատում կարգավորման գործընթացում Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդական ջանքերը, սակայն միևնույն ժամանակ նա նաև դժգոհել է՝ «Եվրամիության որոշ պաշտոնյաների կողմնակալ հայտարարությունները խաթարում են այս գործընթացում Եվրամիության անաչառ միջնորդի դերը»։