Իշխանությունը Հայաստանում ամեն ինչ վարկաբեկելու և ամեն ինչ անլրջացնելու խնդիր է դրել․ քաղաքագետ

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է․

«Իշխանական քարոզչության կեղտոտ գործիքներից մեկը Իշխան Սաղաթելյանի մասին այսօր մի նյութ է թողարկել՝ վերջինիս վերագրելով բառեր, որոնք նա պարզապես չի ասել։ Այդ նյութի մասին ոչինչ չէի լսի, եթե չլինեին ընդդիմադիր հայացքներ ունեցող մի շարք մարդկանց ֆեյսբուքյան գրառումները։

Հիմա մի կողմ եմ թողնում այդ ընդդիմադիր օգտատերերի՝ Իշխան Սաղաթելյանին հավատալ-չհավատալու հարցը։ Մատնանշածս խնդրի կոնտեքստում սա իսկապես երկրորդական նշանակության հարց է։ Լավ, բայց ինչպե՞ս է կարելի հավատալ ու հետո էլ նաև տարածել տարբեր xosnak-ների ու perfecttv-ների արտա(թոր)դրանքը։ Ինչպե՞ս է կարելի դառնալ նիկոլական քարոզչության սպառող ու նաև տարածող։

Սա լուրջ խնդիր է։ Երկու օր առաջ այդ խնդրի մյուս կողմին եմ անդրադարձել՝ հայկական մեդիահարթակներով ադրբեջանական քարոզչության անխոչընդոտ տարածմանը։ Հիմա էլ այս դեպքը… Լավ, մինչև ե՞րբ։ Միթե՞ պարզ չէ, թե ինչ է անում նիկոլական քարոզչությունը։ Միթե՞ չենք հասկանում, որ Հայաստանում ամեն ինչ վարկաբեկելու և ամեն ինչ անլրջացնելու խնդիր է դրված։ Ինչու՞ ենք նպաստում քայքայիչ այդ ծրագրերի իրագործմանը։ Հետո էլ բողոքելու ենք, որ Նիկոլից պրծում չկա, չէ՞։ Բա ո՞նց պրծնենք, եթե ազգովի նրա մշակած կեղծ օրակարգերն ենք քննարկում ու տարածում»,- գրել է քաղաքագետը։