2023 թ. աշխարհում տեղի է ունեցել 183 տարածաշրջանային հակամարտություն

2023 թ. ամբողջ աշխարհում տեղի է ունեցել 183 տարածաշրջանային հակամարտություն, դա վերջին երեք տասնամյակի ամենաբարձր ցուցանիշն է։ Այս մասին նշվել է Ռազմավարական հետազոտությունների բրիտանական միջազգային ինստիտուտի (IISS) ամենամյա հաշվետվությունում։

Զոհերի թիվը, 2022-ի համեմատ, ավելացել է 14 տոկոսով, բռնության դեպքերի թիվը՝ 28 տոկոսով։ «Դա վկայում է այն մասին, որ աշխարհի շատ մասերում իրավիճակը ավելի խնդրահարույց է դառնում հումանիտար կարիքների տեսանկյունից», նշել են հաշվետվության հեղինակները։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն տվյալներ է տրամադրել ավելի քան 450 զինված խմբավորումների մասին, որոնց մի մասը տեղական կամ տարածաշրջանային գերազանցություն ունի, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

Որպես հակամարտության պատճառներ նշվել են ներքին ահաբեկչությունը, տարածքային վեճերը, հանցավոր խմբավորումների թվի ավելացումը և քրեական մրցակցությունը։ Կլիմայական ճգնաժամը ևս խորացնում է առկա տարաձայնությունները, նշվել է հաշվետվությունում։

ՄԱԿ ազդեցությունը թուլացել է կազմակերպության ներսում երկրների միջև լարվածության պատճառով։ Անվտանգության խորհրդում մեծ տերությունները վետո են դնում միմյանց բանաձևերի վրա, ինչը թույլ չի տալիս ընդհանուր լուծում գտնել։ IISS-ը տարածաշրջանային հակամարտությունները լուծել չկարողանալը համարում է արդի աշխարհաքաղաքական իրավիճակի հիմնական գծերից մեկը։