Ուզում են ասեն՝ չմիջամտեցինք Արցախում տեղի ունեցող սպանդին, որովհետև մեզ դուր չի՞ եկել Արայիկ Հարությունյանի հրաժարականը․ Արթուր Խաչատրյան

Այս իշխանությունները կատարում են Ալիևի բոլոր պահանջները, Ադրբեջանը պահանջել է մոռանալ Արցախը, իրենք էլ մոռանում են և դրա համար ի՞նչ պետք է անեն՝ Արցախի բոլոր կառույցները լուծարեն, որովհետև Ադրբեջանը կարող է ասել, որ դա ռևանշ է: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Լրագրողների դիտարկմանը, թե հունվարի 1-ից Արցախը լուծարվելու է, պատգամավորը հակադարձեց՝ նշելով, որ որևէ նախագահ կամ պետական պաշտոնյա չի կարող Արցախի Հանրապետությունը լուծարել:

«Երեկվա հայտարարությունը բավականաչափ հստակ էր, ասվեց, որ այդ թուղթը ստորագրել է, որովհետև ադրբեջանցիները սպառնում էին մտնել քաղաք՝ Ստեփանակերտ և հավանաբար բոլորս ենք հասկանում, թե ինչ տեղի կունենար, եթե հազարավոր բնակիչ ունեցող Ստեփանակերտում քաղաքային մարտեր սկսեին։ Դա պարտադրված քայլ էր Արցախի Հանրապետության նախագահի կողմից: Կարծում եմ՝ իրենք ավելի հստակ կասեն, որ այդ թուղթն առոչինչ է: Այլ բան, որ ՀՀ իշխանությունները հավանաբար դրան դրական չվերաբերվեն։ Արցախի ժողովուրդն էլ ասում է, որ ես տեր եմ իմ՝ հայաթափված ու բռնազավթված հայրենիքին»,- ընդգծեց պատգամավորը։

Անդրադառնալով ՔՊ խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի այն հայտարարությանը, թե իր անձնական թշնամիներն են բոլոր այն մարդիկ, որոնք ասում են՝ Արցախի Հանրապետության պետական ինստիտուտները պետք է գործեն ՀՀ տարածքում, քանի որ դրանով առիթ են տալիս Ադրբեջանին խաղաղության պայմանագիրը չստորագրելու, Արթուր Խաչատրյանը պատասխանեց․ «Ամեն մարդ ինքն է իր անձնական թշնամիներին ընտրում: Ես այն մեկն եմ, որը համարում է, որ Արցախի իշխանությունները պետք է գործեն, Արցախի Հանրապետության ժողովուրդը պետք է ունենա լիազոր ներկայացուցիչ, քանի որ մեր քաղաքական ուժը և մեր հայրենակիցների մի ստվար զանգված, եթե ոչ բացարձակ մեծամասնությունը համարում է՝ Արցախի Հանրապետության էջը փակված չէ:

Եթե մենք համարում ենք, որ Արցախի Հանրապետության էջը փակված չէ, ինչպե՞ս ենք պատկերացնում հետամուտ լինել խնդրին՝ առանց Արցախի ժողովրդի իրավազոր ներկայացուցիչների առկայության, առանց այդ ինստիտուտների կենսագործության»:

ՔՊ-ական պատգամավորը նաև ասել էր, որ եթե Արայիկ Հարությունյանը հրաժարական չտար, ապա Արցախում նման իրավիճակ չէր լինի, Արթուր Խաչատրյանն էլ հակադարձեց. «Ցավն այն է, որ նրանք գիտեն Արցախում ինչ է տեղի ունեցել: Շատ լավ գիտեն, որ արցախցիներից որևէ մեկը Արայիկ Հարությունյանին չի պարտադրել հրաժարական տալ, դա ոչ Արցախից եկած սպառնալիքի հետևանքով է տեղի ունեցել: Ի՞նչ, ուզում են ասեն, որ մենք չմիջամտեցինք Արցախում տեղի ունեցող սպանդին, որովհետև մեզ դուր չի՞ եկել Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Դրանո՞վ են իրենց անգործությունը հիմնավորում: Հայաստանը հանդիսանում է Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը, դրա մասին բազմաթիվ անգամներ ասել է Նիկոլ Փաշինյանը, բազմաթիվ անգամներ ասել են իրենց քաղաքական թիմի ներկայացուցիչները: Եթե չէին հանդիսանալու Արցախի երաշխավորը, թող շուտ ասեին, և Արցախի ժողովուրդն իր գլխի ճարը կփորձեր այլ կերպ տեսնել»:

Իսկ թե ինչպես է տեղի ունեցել Արցախում իշխանափոխությունը, Արթուր Խաչատրյանը կարծում է, որ դա մի օր կբացահայտվի. «Այն, որ Արայիկ Հարությունյանն այսօր Ադրբեջանի բանտում է, դա պայմանավորված է նրանով, որ ինքը շատ ավելի բան գիտի և կարող է պատմի, քան թե այսօրվա իշխանությունները կցանկանային լսել: Խոսքը վերաբերում է նաև մյուս նախագահներին։ Տեսեք, Ադրբեջանի բանտում գտնվում են Փաշինյանի քաղաքական բոլոր հակառակորդները, դա էլ Ադրբեջանի և ՀՀ այսօրվա ղեկավարության միջև հավանաբար ինչ-որ մի պայմանավորված արդյունք է»։