Լեռնային Ղարաբաղը վարի տան, հիմա գան, Հայաստանը վարի՞ տան. ՔՊ-ական պատգամավոր

«Չի կարելի գնալ, կապիտուլյացիա ստորագրել, հետո գալ այստեղ, Հայաստանի Հանրապետության տակ ռումբ դնել։ Փորձեր կան, ամեն օր, անընդհատ, այդ բոլոր փորձերը պետք է արժանանան համապատասխան վերաբերմունքի»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանը։

«Ով Հայաստանի դեմ  ինչ-որ գործողություն է անում, իմ անձնական թշնամին է։ Բոլոր այն բաները, որոնք արվում են, ականներ են հայկական պետականության տակ։ Ի՞նչ է նշանակում գնան, օրինակ, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, հորդորեն, գործընթացներ սկսեն, որոնց արդյունքում Լեռնային Ղարաբաղում տեղի ունենա պալատական հեղաշրջում, ժողովրդի կողմից օրինական ընտրված նախագահին փոխարինի նշանակովի մարդ, որից հետո Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, իրենց խմբակցության ղեկավարները քիչ էին մնում թռչկոտեին երջանկությունից։ Բայց երբ մենք ասում էինք,  որ այն, ինչ անում եք, ռումբ է ԼՂ տակ, մեզ ասում էին՝ դուք հայրենասեր չեք, դավաճան եք։ Տեսանք՝ ով է իրական դավաճանը, տեսանք՝ ով գնաց կապիտուլյացիայի պայմանագիրը ստորագրեց։

Իրական կապիտուլյացիայի պայմանագիրը Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն են ստորագրել, ոչ թե Սամվել Շահրամանյանը, որովհետև իրենք էին ուրախությունից թռչկոտում Երևանում։

Հիմա գնան, կապիտուլյացիայի պայմանագիր ստորագրեն, լուծարեն Լեռնային Ղարաբաղի բանակը, զենքերը հանձնեն Ադրբեջանին, ԼՂ Ազգային ժողովը լուծարեն ու գան Հայաստանում ԼՂ Ազգային ժողովի նիստ անե՞ն։ Սա Հայաստանի դեմ է ռումբ, սա անթույլատերլի է։

Եթե այդ մարդիկ վտանգավոր ու անգրագետ մոլորության մեջ են, ապա խորհուրդ եմ տալիս նրանց խելքի գալ, եթե դա մտածված դավաճանական գործողություն է արտաքին պետությունների հովանավարությամբ և աջակցությամբ, սա ևս կբացահայտվի, ինչպես ամեն ինչ բացահատվեց 30 տարվա ընթացքում։

Այսինքն, Լեռնային Ղարաբաղը վարի տան, հիմա գան Հայաստանը վարի՞ տան։ Հերիք չեղա՞վ»,- ասաց ՔՊ-ական պատգամավորը։