Լավագույն լուծումն այն է, որ այս ստատուս քվոն պահենք՝ ոչ գալ, ոչ գնալ. ՔՊ-ական պատգամավորը՝ փախստականների վերադարձի մասին

Հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում մի շարք կետեր համաձայնեցված են, մի քանիսն էլ դեռ համաձայնեցված չեն, և ինչ էլ այստեղ խոսենք, այս կամ այն մակարդակում ամեն ինչ քննարկված կլինի: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանը:

Անդրադառնալով ադրբեջանցի փախստականների ՀՀ հնարավոր վերադարձի թեմային, նա ասաց. «Հայաստանի դիրքորոշումը հետևյալն է՝ ամեն ինչ պետք է տեղի ունենա փոխադարձ: Եթե ինչ-որ մի բան չի լինելու մեզ համար, ուրեմն Ադրբեջանի համար էլ չի լինելու: Այս կոնտեքստում, ես կարծում եմ՝ լավագույն տարբերակը պետք է լինի այս ստատուս քվոյի պահպանումը, այսինքն ոչ գալ, ոչ գնալ: Հետագայում, երբ իրապես իմ նշած խաղաղության մթնոլորտի ժամանակները գան, և այդ հնարավորությունը լինի, ես կարծում եմ՝ ոչ մեծ քանակով, սահմանափակ քանակով մարդիկ միգուցե օգտվեն իրենց այդ իրավունքից: Բայց դա չի լինելու կազմակերպված գործընթաց: Լավագույն լուծումն այն է, որ այս ստատուս քվոն պահենք»,-ասաց Պապոյանը: