Իրազեկում ապօրինի քրեական վարույթներ նախաձեռնողների համար

Փաստաբան Աննա Ծառուկյանը գրել է․

«Իրազեկում` ապօրինի քրեական վարույթներ նախաձեռնողների համար։

Hate speech

«Ռասիզմի և անհանդուրժողականության եվրոպական հանձնաժողովի» թիվ 15 ընդհանուր քաղաքական հանձնարարականի՝ ատելության խոսքի հետ կապված իրավախախտումները չեն կարող օգտագործվել պաշտոնական քաղաքականությունները կամ կրոնական համոզմունքները թիրախավորելու համար: Ազատ արտահայտվելու իրավունքը շատ կարևոր է ժողովրդավարական գործընթացների համար, և քաղաքացիները պետք է ազատ լինեն, առանց հետապնդման ենթարկվելու վախի, արտահայտել իրենց քաղաքական տեսակետները: Խիստ կարևոր է, որ ատելության խոսքի մասին օրենքները պետության կողմից չօգտագործվեն քաղաքական այլախոհությունը ճնշելու կամ ընդդիմությանը լռեցնելու համար: Այսպիսով, ատելության խոսքի թիվ 15 հանձնարարականում ՌԱԵՀ-ը գտնում է, որ ատելության խոսքի դրույթները պետք է օգտագործվեն մարդկանց՝ անհատներին կամ անհատների խմբերին պաշտպանելու, այլ ոչ թե քաղաքական հետապնդման, քաղաքական ընդդիմախոսության ճնշման, քաղաքական քննադատությունները ճնշելու նպատակով:

ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն.

«1. Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաև առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը:

(…)

  1. Կարծիքի արտահայտման ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց պատվի ու բարի համբավի և այլ հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով»:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի համաձայն.

«1. Յուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահայտվելու իրավունք։ Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը՝ առանց պետական մարմինների միջամտության և անկախ սահմաններից։ Այս հոդվածը չի խոչընդոտում պետություններին` սահմանելու ռադիոհաղորդումների, հեռուստատեսային կամ կինեմատոգրաֆիական ձեռնարկությունների լիցենզավորում։

  1. Այս ազատությունների իրականացումը, քանի որ այն կապված է պարտավորությունների և պատասխանատվության հետ, կարող է պայմանավորվել այնպիսի ձևականություններով, պայմաններով, սահմանափակումներով կամ պատժամիջոցներով, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, տարածքային ամբողջականության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը, ինչպես և այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու, խորհրդապահական պայմաններով ստացված տեղեկատվության բացահայտումը կանխելու կամ արդարադատության հեղինակությունն ու անաչառությունը պահպանելու նպատակով»։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մեկնաբանության (ի թիվս այլոց տե՛ս Ֆարուք Տեմելն ընդդեմ Թուրքիայի գործով՝ 01.02.2011թ., Ինկալն ընդդեմ Թուրքիայի գործով՝ 09.06.1998թ., Հանն ընդդեմ Թուրքիայի գործով՝ 13.09.2005թ. և Յալչիներն ընդդեմ Թուրքիայի գործով՝ 21.02.2008թ. վճիռները) համաձայն` Կոնվենցիայի 10-րդ հոդվածով առավելապես պաշտպանված խոսքի տեսակը քաղաքական խոսքն է՝ քաղաքական իրադարձությունների մասին հանրային դիսկուրսը, հանրային բաց բանավեճը: Դա ժողովրդավարության պահանջն է՝ քաղաքական իրադարձությունների մասին խոսքը պետք է առավելապես պաշտպանված լինի արտահայտվելու ազատության իրավունքով, քանի որ քաղաքական իրադարձությունների մասին ինֆորմացիայի ազատ հոսքը անհրաժեշտ է ժողովրդավարական համակարգի կայացման համար: Պետության դոմինանտ կարգավիճակը պետությունից պահանջում է ցուցաբերել զսպվածություն քրեական հետապնդումը որպես իրավական պաշտպանության միջոց ընտրելիս, քանի որ ժողովրդավարական պետությունում իշխանությունները պետք է քննադատությանը հանդուրժող լինեն:

Ընդ որում՝ կառավարությանը քննադատելու թույլատրելի սահմաններն ավելի լայն են, քան մասնավոր անձանց և առանձին քաղաքական գործիչների քննադատության սահմանները: Հետևաբար՝ քաղաքական խոսքի համատեքստում ասված վիրավորական, ցնցող և անհանգստություն պատճառող խոսքը չի կարող արգելվել ու դրա համար պատասխանատվություն սահմանվել, եթե դա ատելություն, անհանդուրժողականություն և բռնություն հրահրող խոսք չէ, այլ վիրավորական և ցնցող, սադրող խոսք է:

Դատարանը սահմանել է, որ պետության դոմինանտ կարգավիճակը ստիպում էր պետությանը ցուցաբերել զսպվածություն քրեական հետապնդումը որպես իրավական պաշտպանության միջոց ընտրելիս, քանի որ ժողովրդավարական պետությունում իշխանությունները պետք է քննադատությանը հանդուրժող լինեն, հատկապես տվյալ նորմերի նպատակն է մարդուն, այլ ոչ թե գաղափարները, քաղաքականություններ, քաղաքական համակարգեր պաշտպանելը:

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը Սավվա Տերենտևն ընդդեմ Ռուսաստանի գործում պետք է որոշեր, թե արդյոք «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տեղադրված հետևյալ տեքստի համար հեղինակին քրեական պատասխանատվության ենթարկելը խոսքի ազատության սահմանափակման համարժեք արձագանք էր.

Օրինակ

«…Առաջին, նրանք ոստիկաններ չեն, այլ մենթեր են, երկրորդ, նրանց մենթալիտետը բուժել հնարավոր չէ: Խոզը միշտ մնում է խոզ: Ովքեր են դառնում ոստիկան, միայն տգետներն ու հանցագործները – կենդանական աշխարհի ամենատխմար և անկիրթ ներկայացուցիչները: Հրաշալի կլիներ, եթե Ռուսաստանի քաղաքներից մեկի կենտրոնում, կենտրոնական հրապարակում, դրվեր մի վառարան, ինչպես Օսվենցիմում, և դրանում հատուկ արարողակարգով ամեն օր, իսկ ավելի լավ կլիներ օրը երկու անգամ (օրինակ կեսօրեին կամ կեսգիշերին) այրեին անհավատ ոստիկաններին: Նրանց պետք է վառեն մարդիկ: Ու դա կլինի հասարակությունը նման մենթ-հանցագործ աղբից մաքրելու առաջին քայլը»:

Եվրոպական դատարանը Սավվա Տերենտևն ընդդեմ Ռուսաստանի գործով սահմանել է, որ վերը նշվածն ատելության խոսք չէ, ու իր եզրահանգումը հիմնավորել է հետևյալ նախադեպային որոշմամբ.

«Անձի կամ անձանց խմբի կողմից որպես վիրավորանք ընկալվող ցանկացած արտահայտության համար ազատազրկման եղանակով քրեական պատիժ սահմանելը չի կարող արդարացված լինել: Չնայած նման զգացմունքները հասկանալի են, սակայն դրանք ինքնին բավարար չեն արտահայտվելու ազատության իրավունքի շրջանակները սահմանելու համար: Բացառապես արատավորող, վիրավորական կամ ագրեսիվ խոսքի համատեքստի մանրազննին ուսումնասիրությամբ կարելի է իմաստալից սահմանազատում անցկացնել մի կողմից ցնցող և վիրավորական խոսքի, որը պաշտպանված է Կոնվենցիայի 10-րդ հոդվածով, և մյուս կողմից այն խոսքի միջև, որը զրկված է ժոդովրդավարական հասարակությունում հանդուրժոդականություն վայելելու իրավունքից (տես, նման մոտեցման համար, Vajnai ընդդեմ Հունգարիայի, թիվ 33629/06, 53 և 57, ՄԻԵԴ 2008): Վիրավորանք ընկալվող ցանկացած արտահայտության համար ազատազրկման եղանակով քրեական պատիժ սահմանելը չի կարող արդարացված լինել: Չնայած նման զգացմունքները հասկանալի են, սակայն դրանք ինքնին բավարար չեն արտահայտվելու ազատության իրավունքի շրջանակները սահմանելու համար: Բացառապես արատավորող, վիրավորական կամ ագրեսիվ խոսքի համատեքստի մանրազննին ուսումնասիրությամբ կարելի է իմաստալից սահմանազատում անցկացնել մի կողմից ցնցող և վիրավորական խոսքի, որը պաշտպանված է Կոնվենցիայի 10-րդ հոդվածով, և մյուս կողմից այն խոսքի միջև, որը զրկված է ժոդովրդավարական հասարակությունում հանդուրժոդականություն վայելելու իրավունքից (տես, նման մոտեցման համար, Vajnai ընդդեմ Հունգարիայի, թիվ 33629/06, 53 և 57, ՄԻԵԴ 2008)»: