Գեղամ Մանուկյանը Միրզոյանի հրավերով ԱԳՆ-ում ծանոթացել է խաղաղության պայմանագրի վերջին առաջարկներին

Երկար պնդումներից ու հարցումներից հետո այսօր ԱԳՆ շենքում ծանոթացանք Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման պայմանագրի վերաբերյալ երկու երկրների վերջին առաջարկներին: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» խմբացկության պատգամավոր Գեղամ Մանուկյանը․

«Այս պահին կարող ենք արձանագրել հետևյալը. թեև չենք կարող հրապարակել հույժ գաղտնի նշումով փաստաթղթի բոլոր կետերը, սակայն արձանագրենք, որ առաջարկներին ծանոթանալը միայն փաստեց դրա վտանգավորությունը եւ ամրապնդեց բոլոր այն մտավախությունները, որոնք մենք այս հարցի շուրջ արտահայտել ենք ավելի վաղ»,- գրել է պատգամավորը։

Հիշեցնենք՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Մանուկյանին անձամբ հրավիրել էր ԱԳՆ՝ խաղաղության պայմանագրի վերաբերյալ վերջին առաջարկներին ծանոթանալու համար. «Կարող եք գալ ԱԳՆ իմ աշխատասենյակ ու ծանոթանալ Բաքվի հետ բանակցային փաթեթին»,- ասել էր Միրզոյանը։