Ռուսաստանն ու Իրանն անցել են Հյուսիս-Հարավ երկաթուղու կառուցման գործնական իրականացմանը. Պուտին

Մոսկվայի և Թեհրանի միջև համագործակցությունը զարգանում է տարբեր ոլորտներում՝ էներգետիկայից մինչև կրթություն։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այս մասին ուշադրություն է հրավիրել Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ բանակցությունների ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք մեծ ենթակառուցվածքային ծրագրեր ունենք։ Մենք դա արդեն վաղուց ենք քննարկում, իսկ այժմ էլ անցել ենք Հյուսիս-Հարավ երկաթուղու շինարարության գործնական իրականացմանը։ Բնականաբար, մենք ավանդաբար աշխատում ենք էներգետիկայի ոլորտում»,- թվարկեց նա փոխգործակցության ոլորտները։

Ռուսաստանի Դաշնության նախագահն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ հոկտեմբերին Մոսկվայում տեղի է ունեցել իրանական ցուցահանդես։ «Եվ մենք ինքներս էլ զարմացանք այն հետաքրքրությունից, որ դա առաջացրեց ռուսական կողմի մոտ։ Շատ մարդիկ կային, ովքեր ցանկանում էին այցելել, տեսնել, շփվել գործընկերների հետ»,- նշեց նա։