Շներից փախչելով՝ 7-ամյա տղան ընկել և գլուխը հարվածել է եզրաքարին. ՔԿ-ն՝ Սուրենավանի դժբախտ դեպքի մասին

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ պարզելու Արարատի մարզի Սուրենավան բնակավայրի 7–ամյա բնակչի մահվան հանգամանքները։

ՔԿ-ից հայտնում են, որ 2023 թվականի դեկտեմբերի 6-ին՝ ժամը 09:23-ին, «Արարատ բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության ենթակայանից ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Արարատի մարզի Սուրենավան բնակավայրի ակումբի տարածքում շների հարձակման հետևանքով «Կենսաբանական մահ» ախտորոշմամբ հայտնաբերվել է նույն բնակավայրի 7–ամյա բնակչի դին:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նախաքննության ընթացքում ձեռք բերված նախնական տվյալներով՝ 2023թ․ դեկտեմբերի 6-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, Սուրենավան բնակավայրի միջնակարգ դպրոց գնալու ճանապարհին՝ «Մշակույթի տան» դիմաց, 7–ամյա տղայի և ընկերների հետևից եկել են թափառող շներ։ Երեխաները վազել են, որի ընթացքում 7–ամյա տղայի ոտքը սայթաքել է, և վերջինս ընկել է սալիկապատ հատակին՝ գլուխը հարվածելով ճանապարհի եզրաքարին, որի հետևանքով մահացել է:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Հանձնարարություն է տրվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ:

Նախաքննությունը շարունակվում է։