Ողբերգական դեպք Սուրենավանում. թափառող շները հարձակվել են դպրոց գնացող երեխաների վրա, 7-ամյա տղան մահացել է

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 09:20-ի սահմաններում «Արարատ» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Արարատ» շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Սուրենավան գյուղ, որտեղ հայտնաբերել են երեխայի դի, հաղորդում է Shamshyan.com-ը:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ առավոտյան, գյուղի դպրոցի 3 երեխաներ դպրոց գալուց են եղել, երբ թափառական 5 շուն հարձակվել են երեխաների վրա: Վերջիններս փախել են շների հարձակումից, սակայն դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկները արձանագրել են երեխաներից մեկի կենսաբանական մահ:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն գյուղի բնակիչ 7-ամյա Ալիկ Գ.-ն է:

Դեպքի փաստով ոստիկանության Արարատի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին:

Դեպքը տեղի է ունեցել Սուրենավանի գյուղապետարանի հարևանությամբ գտնվող ակումբի մոտ, որից քիչ հեռու գտնվում է դպրոցը: