Արկադի Թամազյանը պատրաստվում է դատարանում բողոքարկել իր իմպիչմենտը

«Ավագանու նիստն անօրինական էր»․ այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Ալավերդու համայնքապետարանի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարել է Ալավերդու արդեն նախկին համայնքապետ Արկադի Թամազյանը:

«Սա վերջը չի, սա սկիզբն է ամեն ինչի: Պայքարը հենց այսօրվանից սկսվելու է: Կփորձեն նաև իրավական, իրավապահ մարմինների միջոցով տարբեր կեղտոտ խաղեր փորձեն անել, դա ոչինչ չի փոխելու, համոզված եղեք: Այս ընթացքում մեր փաստաբանները կդիմեն դատարան, և լրացուցիչ տեղեկություն կդրամադրենք գործի հետ կապված»,- հայտարարեց Թամազյանը:

Հիշեցնենք, որ այսօր Ալավերդի խոշորացված համայնքի ավագանին արտահերթ նիստ է գումարել։ Համայնքի ղեկավար Արկադի Թամազյանին չեն թույլատրել մտնել նիստերի դահլիճ։ Նիստին մասնակցում էր ավագանու 27 անդամից 14-ը, որոնցից 13-ը ՔՊ-ի անդամներն էին, իսկ մեկը «Ապրելու երկիր» խմբակցությունից հեռացած և «անկախ» անդամ դարձած Սիմոն Զախարովն էր: ՔՊ-ն հենց այս պատճառով էլ հնարավորություն ստացավ իր սրտի համայնքապետին ընտրելու։

Ալավերդի ավագանու 27 անդամից 14-ն այսօր կայացած քվեարկությամբ անվստահություն հայտնեց համայնքի ղեկավար Արկադի Թամազյանին։

Եվ այսպես գաղտնի քվեարկությամբ ՔՊ 14 ձայնով համայնքապետ ընտրվեց ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար, Շնողի նախկին համայնքապետ Դավիթ Ղումաշյանը։