Ալավերդցիները շրջափակել են համայնքապետարանի մուտքը և պահանջում են արտահերթ ընտրություններ

Ալավերդցիները բողոքի ակցիա են իրականացնում համայնքապետարանի մուտքի դիմաց և պահանջում են արտահերթ ընտրություններ։

Նրանք ավագանու ՔՊ անդամներից պահանջում են արտահերթ ընտրություններ անցկացնել, և իրենց փոխարեն չորոշել, թե ով պետք է ղեկավարի համայնքը։

Հիշեցնենք, որ այսօր Ալավերդի խոշորացված համայնքի ավագանին արտահերթ նիստ է գումարել։ Համայնքի ղեկավար Արկադի Թամազյանին չեն թույլատրել մտնել նիստերի դահլիճ։ Նիստին մասնակցում էր ավագանու 27 անդամից 14-ը, որոնցից 13-ը ՔՊ-ի անդամներն էին, իսկ մեկը «Ապրելու երկիր» խմբակցությունից հեռացած և «անկախ» անդամ դարձած Սիմոն Զախարովն էր: ՔՊ-ն հենց այս պատճառով էլ հնարավորություն ստացավ իր սրտի համայնքապետին ընտրելու։

Ալավերդի ավագանու 27 անդամից 14-ն այսօր կայացած քվեարկությամբ անվստահություն հայտնեց համայնքի ղեկավար Արկադի Թամազյանին։

Եվ այսպես գաղտնի քվեարկությամբ ՔՊ 14 ձայնով համայնքապետ ընտրվեց ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար, Շնողի նախկին համայնքապետ Դավիթ Ղումաշյանը։