Չինաստանը պատրաստ է ամրապնդել ռազմավարական փոխգործակցությունը Բելառուսի հետ. Սի Ծինփինն ընդունել է Լուկաշենկոյին

Չինական կողմը պատրաստ է բելառուս գործընկերների հետ միասին ամրապնդել ռազմավարական փոխգործակցությունը՝ հանուն Մարդկության միասնական ճակատագրի հանրույթի ստեղծման։ Այս մասին Պեկինում, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցություններում, ասել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, տեղեկացրել է ԲԵԼՏԱ-ն։

«Իմ մեծ բարեկամ, շատ ուրախ եմ կրկին տեսնել Ձեզ։ Ձեր պետական այցի շրջանակում այս տարվա փետրվարի վերջին և մարտի սկզբին մենք կարևոր պայմանավորվածություններ ձեռք բերեցինք հօգուտ չին-բելառուսական հարաբերությունների դինամիկ զարգացման։ Յուրաքանչյուր փուլում մենք նոր պայմանավորվածություններ ենք ձեռք բերում։ Մեկ տարվա ընթացքում ամրապնդվել են քաղաքական փոխվստահությունը, միջազգային փոխգործակցությունը։ Ակնհայտ են համագործակցության նոր արդյունքները «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության շրջանակում»,- ասել է Չինաստանի նախագահը։

Նա փաստել է, որ եթե 10 տարի առաջ «Գոտի և ճանապարհ» նախաձեռնությունը հայեցակարգ էր, ապա այժմ նրա հետ համագործակցությանը միացել են ավելի քան 140 երկրներ և միջազգային կազմակերպություններ։

«Չինաստանի համար կայունության և երկարաժամկետ զարգացման պահպանումը շատ կարևոր է։ Եվ մենք մեծ հաջողություններ ունենք այս աշխատանքում։ Արդի աշխարհում տեղի են ունենում վիթխարի փոփոխություններ, առաջ են գալիս նոր ռիսկեր և մարտահրավերներ։ Շատ բան մեզ համար անսպասելի է։ Չինական կողմը պատրաստ է բելառուս գործընկերների հետ միասին ամրապնդել ռազմավարական փոխգործակցությունը հանուն Մարդկության միասնական ճակատագրի հանրույթի ստեղծման»,- ասել է Չինաստանի նախագահը։