Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարն այցելել է ՀՀ սահմանին գտնվող զորամասեր

Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար Քերիմ Վելիևն այցելել է Հայաստանի սահմանին գտնվող զորամասեր, տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։

«Պաշտպանության առաջին փոխնախարար-ադրբեջանական բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Քերիմ Վելիևը և նախարարության ղեկավար կազմի այլ ներկայացուցիչներ այցելել են զորամասեր, որոնք գտնվում են Հայաստանի հետ սահմանին Գեդաբեկի, Դաշքեսանի և Քյալբաջարի շրջաններում։

Գլխավոր շտաբի պետը զինծառայողներին է ներկայացրել այն խնդիրները, որոնք առաջադրել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ, գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևը, և կոնկրետ ցուցումներ է տվել դրանց կատարման համար։

Ստուգվել է զորքերի ծառայության կազմակերպումը, մարտական հերթապահությունը ստորաբաժանումներում։ Զեկուցվել է, որ դիրքերում իրականացվում է շարունակական, շուրջօրյա ծառայություն, կազմակերպված է մարտական հերթապահություն։

Լինելով հրետանային, ինժեներային և կոմանդոսների զորամասերում՝ Վելիևը ստուգել է նրանց մարտական պատրաստվածությունը, լսել հրամանատարական կազմի զեկույցները ամենօրյա գործունեության և կիրառվող միջոցների մասին։ Տղեեկացվել է, որ խնդիրները կատարվում են պլանային կարգով, հատուկ ուշադրություն է դարձվում մարտական պատրաստվածության կազմակերպմանը։

Գլխավոր շտաբի պետը հետևել է կոմանդոսների ստորաբաժանումներից մեկի մարտական պատրաստվածության ընթացքին և ուսումնական մարզումներին և կոնկրետ առաջադրանքներ տվել անձնակազմի հմտությունների հետագա կատարելագործման վերաբերյալ»,- տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում կատարելով Ադրբեջանի ՊՆ-ին։