Իսրայելը հրադադարի ավարտից հետո վերսկսել է հարվածները Գազայում
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև յոթօրյա ժամանակավոր հրադադարի ավարտից հետո Գազայում վերսկսվել են բախումները։ BBC-ն գրում է, որ կողմերը միմյանց մեղադրում են բռնության վերսկսման մեջ։
Յոթօրյա հրադադարի ընթացքում ՀԱՄԱՍ-ի կողմից ավելի քան 100 պատանդներ ազատ են արձակվել Իսրայելի բանտերում պահվող 240 պաղեստինցի բանտարկյալների ազատելու դիմաց։
Գազայում առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Իսրայելի ռմբակոծությունների վերսկսումից հետո տասնյակ մարդիկ են զոհվել։
Իսրայելի հարավում գտնվող BBC-ի թղթակիցը պատմել է, որ այսօր առավոտյան հրթիռներ են արձակվել դեպի Գազա և հակառակ ուղղությամբ։
Իսրայելի զինվորականները թռուցիկներ են թողել՝ նախազգուշացնելով Գազայի հարավային Խան Յունիս քաղաքի բնակիչներին՝ իրենց անվտանգության համար փախչել ավելի հարավ։