«Հայասաթ-1» արբանյակի թռիչքին ժամեր են մնացել

Այսօր երեկոյան SpaceX-ի Falcon 9 հրթիռով տիեզերք է արձակվելու Հայաստանի առաջին հայրենական արբանյակը՝ «Հայասաթ-1»-ը։

«Դուք հնարավորություն եք ունենալու մեզ հետ միասին հետևել այս պատմական թռիչքը լուսաբանող միջոցառմանը և բուն թռիչքին։ Դրա համար նախապատրաստվել է հատուկ ուղիղ հեռարձակում, որը մեկնարկելու է վաղը՝ դեկտեմբերի 1-ին, ժամը 21:00-ին»,-նշում են «Բազումք» կենտրոնից։

Հիշեցնենք, որ «Հայասաթ-1» արբանյակը Հայաստանից ուղարկվել էր Նիդերլանդներ, որպեսզի անցնի անհրաժեշտ թեստավորումները:

Բարեհաջող անցկացված թեստերից հետո ISISpace ընկերությունը, որտեղ թեստավորվել է արբանյակը, հանդիսանում է միջնորդ «Հայասաթ» թիմի և արբանյակը արձակող ընկերության` SpaceX-ի միջև։ Թեստավորման արդյունքում ISISpace -ը տրամադրել է այն սերտիֆիկատը, առանց որի SpaceX-ը չէր արձակի արբանյակը։