Ադրբեջանցիների կողմից գերեվարված Գագիկ Ոսկանյանի դեմ շինծու գործով դատական նիստը հետաձգվել է. անհայտ պատճառներով նրան չեն բերել դատարան
Քարվաճառի հատվածում գերեվարված Գագիկ Ոսկանյանի դեմ շինծու գործով դատական նիստը այսօր հետաձգվել է։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ նրանց տեղեկատվության՝ պատճառը եղել է այն, որ մեղադրյալը դատարան չի բերվել։ Թե ինչն է եղել նրան դատարան չբերելու պատճառը, չի հաղորդվում։
2023 թ․ օգոստոսին վարժական հավաքների մեկնած և ադրբեջանցիների կողմից առևանգված Գագիկ Ոսկանյանի գործը Գանձակի՝ «Գյանջայի» դատարանում է, այն քննելու է դատավոր Աբդուլլա Մամեդովը։ Ադրբեջանցիները շինծու գործով նաև «տուժողներ» են գտել՝ Էլվին Հուսեյնզադեն, Իսրաֆիլ Մամեդովը, Խայալ Դաշդեմիրովը, Ալի Քերիմովը և Թոֆիկ Իսմայիլովը։
Հիշեցնենք, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել, որ օգոստոսի 16-ին պահեստազորային Գ. Ո.-ն նախնական տվյալներով ինքնակամ թողել է մարտական դիրքը: Վարժական հավաքի մասնակցին հայտնաբերելու նպատակով ընթանում էին որոնողական աշխատանքներ։ Ավելի ուշ պաշտոնապես հայտնի դարձավ՝ վարժական հավաքի մասնակցին՝ ադրբեջանցիների կողմից գերեվարման մասին։