ԼՂ մշակութային ժառանգության պահպանության հարցում միջազգային ջանքերի լրջագույն կարիք կա․ ԿԳՄՍ նախարար

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է կրթական ու մշակութային հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ռաֆիկ Մանսուրին:

ԿԳՄՍՆ տեղեկացմամբ, հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը:

«Տարբեր ուղղություններով ունենք արդյունավետ համագործակցություն, առկա են նաև նոր ծրագրեր. սա ցույց է տալիս մեր գործընկերության որակն ու այն ներուժը, որը կարելի է օգտագործել», – ասել է ԿԳՄՍ նախարարը՝ ընդգծելով հայ-ամերիկյան փոխգործակցության կարևորությունը:

Առանձնացնելով մշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ արդյունավետ համագործակցությունը՝ նախարարն անդրադարձել է Շիրակի մարզի Երերույքի բազիլիկ տաճարի պահպանության ու վերականգնման նպատակով ԿԳՄՍ նախարարության և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան միջև հուշաթերթի ստորագրմանը:

«Նյութական մշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ ամենակարևոր քայլը կլինի տարածաշրջան միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկելը, որը կկարողանա տեղում արձանագրել հուշարձանների հետ կապված իրավիճակը»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ խնդիրն ավելի է սրվել 2023 թվականի սեպտեմբերի 19-ի իրադարձություններից հետո, երբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանումից հետո ԼՂ-ում վտանգված են 5000-ից ավելի հուշարձաններ և 20-ից ավելի թանգարաններ:

«Ուրախ եմ, որ մեր երկրների միջև համագործակցությունն էականորեն ընդլայնվել է: Այդուհանդերձ, դրանց զարգացման համար առկա է շատ ավելի մեծ ներուժ»,- ասել է Ռաֆիկ Մանսուրն ու կարևորել համատեղ իրականացվող կրթական ու մշակութային մի շարք ծրագրեր: