Ինչպես հանձնեցին Արցախը

Սուսի, Աղավնոյի, Բերձորի հանձնումը Արցախը թշնամուն «փեշքեշ անելու» առաջին փուլն էր

Այսօր արդեն ակնհայտ է՝ Սուսը, Աղավնոն, Բերձորը հանձնելու մասին իշխանական բոլոր լոլոները ընդամենը աչքկապոցի էին՝ ամբողջական Արցախը նույնքան հանգիստ, առանց մարտերի ու թշնամու կողմից զոհերի՝ ադրբեջանական իշխանությանը հանձնելու համար, որպեսզի հայկական կողմից որևէ ընդվզում չլինի: Այս իշխանությունների ձեռագիրն է այդպիսին՝ այսքանը տանք, որ մնացած մասում հանգիստ ու անվտանգ ապրենք: Այդպես մեզ ստիպում են նահանջել մինչև վերջ՝ մինչև վերջին հողակտորը: Արդյո՞ք նման մեխանիզմով չհանձնվեց Արցախ աշխարհը: Իսկ հիմա էլ նույն տեխնոլոգիան Հայաստանի Հանրապետության համար են կիրառում՝ այստեղ ապրողներիս հանգստացնելով, թե Արցախի հանձնումը Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխիքն է: Բնականաբար, Փաշինյան Նիկոլը չի ասում, թե հանձնել է Արցախը՝ մեկ բարբաջում է, թե Արցախը ադրբեջանական է եղել, ու ինքը քաջաբար վերադարձրել է այդ հողերը նրանց, մեկ էլ՝ հավանաբար փսիխոզի նոպաների պահերին գոռգոռում է, թե այդ ինքը չէ, նախկիններն էին փակել Արցախի ինքնորոշման բոլոր դռները:

Նախկիններից բացի՝ Սուսի, Աղավնոյի, Բերձորի հանձնումը Փաշինյանը 22 թվականին գցում էր ռուսների գրպանը՝ ասելով, թե նոյեմբերի 9-ին կնքած եռակողմ հայտարարությամբ է նախատեսված այդ բնակավայրերի զիջումը թշնամուն: Ասես ինքն էլ այդ եռակողմ փաստաթղթի հավատարիմ ու անվերապահ կատարողն էր: Եթե այդպես է, ապա ինչու ուրացավ փաստաթղթի բոլոր պայմանավորվածությունները և վազեց իր սիրելի Արևմուտքի գիրկը, այն դեպքում, երբ հայասպան պատերազմը Ռուսաստանն էր կանգնեցրել՝ կանխելով ամբողջ Արցախի կորուստը: Իսկ Նիկոլի երկրպագած Եվրոպան աչքները ջուր կտրած սպասում էր հավանաբար մինչև վերջին հայի կոտորվելուն ու Արցախի անկմանը: Եվ այն, ինչ Նիկոլն ու իր տերերը չարեցին պատերազմի միջոցով, ի կատար ածեցին բանավոր ու գրավոր հետագա այլ պայմանավորվածություններով, որոնք հակասում էին հրադադարի փաստաթղթին: Իսկ այդ փաստաթղթում, նկատենք, որ որևէ ակնարկ անգամ չկա Սուս, Աղավնո, Բերձոր բնակավայրերը հանձնելու մասին: Միայն փաշնյանական թիմը, երևի թե իրենց պարագլխի հնարամտությամբ, կարող էր ռուսների գլխին այդպես սարքել: Հիշում եք, երբ թիրախավորված բնակավայրերն Ադրբեջանին նվիրելու մասին խոսակցություններն սկսեցին միս և արյուն առնել, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հարցում արեց ՀՀ ԱԳՆ, թե այդ ի՞նչ գրավոր իրավական ուժ ունեցող փաստաթղթով է ամրագրված հայկական բնակավայրերը թշնամուն տալու պայմանավորվածությունը: Ինչին ի պատասխան՝ ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնն զբաղեցնող Արարատ Միրզոյանը հայտնել է, որ «նշյալ բնակավայրերից հայկական բնակչության տարհանումը պայմանավորված է Լաչինի միջանցքի երթուղու փոփոխության հետ՝ ի կատարումն 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի 2-րդ պարբերության»։
Չնայած եռակողմ հայտարարության կողմերից մեկը Հայաստանն էր, ոչ Արցախը, և Արարատ Միրզոյանն էլ վերահաստատել էր իր իշխանության պատճառաբանությունը հայկական բնակավայրերը եռակողմ հայտարարությամբ թշնամուն զիջելու վերաբերյալ,  ԱԳՆ նախարարը, ականջալուր լինելով իր վերադասի խոսքերին, այդ բնակավայրերի հանձնման գործում մեղավոր էր կարգել Արցախի ղեկավարությանը՝ նշելով, թե «գործընթացների կազմակերպման հետ կապված՝ բանակցությունները վարվել են Արցախի իշխանությունների կողմից»:

Ավելի վաղ նույնը Փաշինյանն էր հայտարարել՝ ասես Արցախի ղեկավարությունն ինքնագլուխ կարող էր ինչ-որ բան անել՝ ի հակառակ ՀՀ իշխանությունների կամքի: Բայց դա ՀՀ իշխանությունը զավթած դավադիրի ձեռագիրն է, գործելաոճը՝ իր բոլոր մեղքերը բարդել ուրիշների վրա, ուրիշներին քավության նոխազ դարձնել, իսկ իրեն սրբադասել: Պատահական չէր, որ Բերձորի, Սուսի, Աղավնոյի հայաթափման մասին առաջինը հենց Փաշինյանն ազդարարեց: 2022 թվականի հունիսի 27-ին նրա շուրթերից էր, որ այդ բնակավայրերի բնակիչները լսեցին իրենց դատավճիռը՝ մինչև օգոստոսի 25-ը սեփական տները լքելու մասին, քանի որ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի երթուղու փոփոխությունից հետո Աղավնոն, Սուսը և Բերձոր քաղաքը, հարակից բնակավայրերով, անցնելու էին ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ։

Ինչ վերաբերում է եռակողմ հայտարարության դրույթին, որով իբրև հայկական բնակավայրերը տրվեցին թշնամուն, ապա բազմաթիվ փորձագետներ փաստեցին, որ նման պնդում այդ կետում չկա: Ըստ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ, ընդ որում շրջանցելով Շուշի քաղաքը, մնալու էր Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո: Կողմերի համաձայնությամբ, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար առաջիկա երեք տարիների ընթացքում պիտի հաստատվեր Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը վերատեղակայվելու էր այդ երթուղին պաշտպանելու համար: Նոյեմբերի 9-ի փաստաթղթում հստակ գրված է, որ այդ նոր երթուղին պետք է լիներ Լաչինի միջանցքում: Այնինչ ճանապարհի կառուցումը ի սկզբանե այդ պահանջի խախտումով իրականացվեց և ընդգրկեց և Լաչինի միջանցքը, և հայկական բնակավայրերը: Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ որևէ խոսք չկա համայնքների մասին, արդյո՞ք նրանք հայերով պետք է բնակեցված լինեին, թե՝ ոչ։ Այնպես որ, գյուղերի հանձնումը եղել է հայկական կողմի համաձայնությամբ ու լուռ պայմանավորվածությամբ:

Իսկ Փաշինյանի հետագա նրա քայլերը ապացուցեցին այն պարզ ճշմարտությունը, որ թե 44-օրյա պատերազմը, թե Շուշիի հանձնումը, թե Բերձորի, Սուսի, Աղավնոյի զիջումը, թե Լաչինի միջանցքում ադրբեջանական ներկայությունն ապահովելը մի մեծ սահմռկեցուցիչ ծրագրի առանձին շղթաներն էին, որի վերջնական հանգույցը Արցախի Հանրապետության լուծարումը և Արցախն առանց հայերի Ադրբեջանին կարմիր ժապավենով նվիրելն էր: Այլապես նա ինքնավստահությամբ միջազգային հարթակներից չէր հավաստի, որ Արցախը Ադրբեջանի մաս է և միշտ եղել է Ադրբեջանի կազմում: Ավելին՝ իր պնդումները ստորագրությամբ չէր ամրագրի նախ Բրյուսելում, այնուհետև իսպանական Գրանադայում՝ Ալմաթիի հռչակագիրն իր համար որպես Սուրբ գիրք հռչակելով:

#ԻնչպեսհանձնեցինԱրցախը

Թագուհի Ասլանյան