Ծաղկունքում շահագործման է հանձնվել հիմնանորոգված բուժամանկաբարձական կետը
Սևան համայնքի Ծաղկունք գյուղում շահագործման է հանձնվել հիմնանորոգված և կահավորված բուժամանկաբարձական կետը։ Այս մասին հայտնում են Սեւանի քաղաքապետարանից։
Նորացված բուժամբուլատորիայի բացման արարողությանը մասնակցել են ֆրանսիական «Բժշկական օգնություն և զարգացում» ասոցիացիայի Սևան-Գրենոբլ համագործակցության առողջապահության ոլորտի օպերատոր, վարչական հարցերով պատասխանատու Ժան-Կլոդ Ռոսսենը, պատասխանատու Նելլի Ստեփանյանը, Սևանի համայնքապետարանի, բժշկական կենտրոնի ներկայացուցիչներ, բուժամբուլատորիայի աշխատակիցներ, ծաղկունքցիներ:
Ծաղկունքի բուժամանկաբարձական կետի վերանորոգման և կահավորման ծրագիրն իրականացվել է Սևան-Գրենոբլ համագործակցության շրջանակներում՝ «Բժշկական օգնություն և զարգացում» կազմակերպության միջոցներով:
Ամբողջովին հիմնանորոգված, կահավորված, ջեռուցվող բուժկետն այսուհետ իր այցելուներին կդիմավորի ներկայանալի պայմաններում, ժամանակակից պահանջներին համապատասխան` առաջին բուժօգնությունը դարձնելով հասանելի և հարմարավետ:
Բուժամբուլատորիան «Բժշկական օգնություն և զարգացում» ասոցիացիայի կողմից ստացել է նաև առաջին օգնության համար անհրաժեշտ սարքավորումներ, տեխնիկական միջոցներ, իսկ Սևանի բժշկական կենտրոնի կողմից համալրվել է անհրաժեշտ գույքով։
Ծաղկունք բնակավայրի վարչական ղեկավար Սասուն Մինասյանի փոխանցմամբ` Ծաղկունք գյուղում իրականացված ծրագիրն ունենալու է շարունակություն՝ 2024 թվականին վերանորոգվելու են բուժկետի սպասասրահը և նախամուտքը:
Ծաղկունքի բուժկետի բացման արարողությունից հետո հայ և ֆրանսիացի պաշտոնյաների այցը շարունակվել է Սևան համայնքի Դդմաշեն, Գեղամավան գյուղերում, Սևան քաղաքի Գոմաձոր թաղամասի բուժկետում, որտեղ էլ առաջիկա ծրագրերի իրականացման վերաբերյալ ձեռք է բերվել նախնական պայմանավորվածություն: