Արգենտինայի նորընտիր նախագահը խոստանում է լուծարել Կենտրոնական բանկը և ազգային արժույթը փոխարինել դոլարով

Կիրակի Արգենտինայում կայացել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որում հաղթել է Խավիեր Միլեյը: Նա գլխավորում է Ազատական կուսակցությունը, գրում է ՏԱՍՍ-ը։
Նոր նախագահը պաշտոնը կստանձնի դեկտեմբերի 10-ին և կպաշտոնավարի մինչև 2027 թվականի ավարտը։

Միլեյի խոսքով՝ Արգենտինային անհրաժեշտ են արմատական բարեփոխումներ:
«Արգենտինան գտնվում է ծայրահեղ իրավիճակում: Երկրին անհրաժեշտ են արմատական փոփոխություններ: Տեղ չկա աստիճանականության, անվճռականության, կիսատ-պռատների գործերի համար», – ասել է նա որպես պետության ղեկավար իր առաջին ելույթում:

Միլեյի խոսքով՝ իր հաղթանակով Արգենտինան բացում է «պատմության նոր էջ»։
Ինչպես պնդում էր քաղաքական գործիչը, նրա հետ Արգենտինան կգնա ազատության ճանապարհով՝ կրկին համաշխարհային տերություն կդառնա:
Մասնագիտությամբ տնտեսագետ Միլեյը խոստանում է լուծարել Կենտրոնական բանկը և առաջարկում է ազգային արժույթը փոխարինել դոլարով: Նա նախատեսում է լրջորեն կրճատել բյուջետային ծախսերը՝ տնտեսական խնդիրները լուծելու համար։

Միլեյը հանդես է գալու Չինաստանի, Բրազիլիայի և Ռուսաստանի հետ համագործակցությունից հրաժարվելու օգտին՝ հօգուտ ԱՄՆ-ի և Իսրայելի։