Իսրայելը փորձելու է հայերից խլել Երուսաղեմի ողջ հայկական շրջանը. «Рыбарь»

Հայերը, ինչպես Լեռնային Ղարաբաղում կորցրեցին իրենց «հենակետն» ու կանգնած են սուբյեկտայնության փոշիացման առջև, այնպես էլ կարող են զրկվել Երուսաղեմի հին քաղաքի հայկական շրջանից, որի մեկնարկը տրվել է «Կովերի պարտեզ» տեղանքի շուրջ ընթացող զարգացումներով։ Այս մասին գրել է ՌԴ ՊՆ-ին մոտ կանգնած «Рыбарь» տելեգրամյան ալիքը, որը նախ ներկայացրել է այդ տարածքի շուրջ սկսված վեճի նախապատմությունը։

«Իրավիճակը բավականին հետաքրքիր է՝ ըստ իսրայելական լրատվամիջոցների՝ հայկական սփյուռքի և իսրայելցիների միջև վարձակալության պայմանագիր է կնքվել դեռևս 2021 թվականին։ Հորդանանի իշխանությունները և Պաղեստինի իշխանությունները որոշ ժամանակ անց սա որակեցին Իսրայելի կողմից հողեր զավթելու փորձ։

Հոկտեմբերին Հայոց պատրիարքարանը նամակ է ուղարկել «Xana Gardens» ընկերությանը՝  գործարքի անօրինականության պատճառով չեղարկելու մասին հաղորդագրությունով, որին իսրայելական ընկերության ներկայացուցիչները հրաժարվել են պատասխանել։ Իսկ նոյեմբերի 5-ին կազմակերպության անդամները ժամանել են վայր և փորձել բռնի ուժով գրավել տարածքը։

Նոյեմբերի 15-ին շինարարական տեխնիկա է բերվել այսպես կոչված «Կովերի այգու» տարածք, որի ճանապարհը արգելափակվել է  հայ ակտիվիստների կողմից։ Հաջորդ օրը մի քանի բախումներ տեղի ունեցան ոստիկանության հետ, և համացանցում սկսվեց ակտիվ տեղեկատվական արշավ՝ ի պաշտպանություն հայերի»,-նշում է հեղինակը։

Ըստ հայկական կողմի, ինչպես գրում է «Рыбарь»-ը, վարձակալության պայմանավորվածություն իսկապես եղել է, բայց վերապահումներով, որոնք, ըստ երեւույթին, հստակ չեն արձանագրվել։

«Այս ամբողջ իրավիճակը ակնհայտորեն ցույց է տալիս Երուսաղեմի հայ համայնքի անմխիթար վիճակը։ Իզուր չէ, որ Հայոց պատրիարքարանը սկսել է խոսել իր գոյությանը սպառնացող վտանգի մասին։ Նայելով, թե ինչ է կատարվում Անդրկովկասում, որտեղ հայերը վերջնականապես կորցրել են իրենց սուբյեկտիվությունը Ղարաբաղում իրենց հենակետը հանձնելուց հետո, սա կարծես միայն սկիզբն է։

Իհարկե, տեղի ունեցողի տեղեկատվական աջակցությունը դժգոհության ալիք կառաջացնի՝ արևմտյան երկրները «մտահոգություն» կհայտնեն քրիստոնյա հայերի ճակատագրի վերաբերյալ։ Սակայն, ելնելով ղարաբաղյան իրադարձությունների փորձից, այսքանով ամեն ինչ կավարտվի։ Իսրայելցիները կփորձեն ավարտին հասցնել գործը՝ նախ կլանելով մեկ տարածք ապա՝ ամբողջ հայկական շրջանը»,-նկատել է հեղինակը։