Իրական սեփականատերը հայտնի է, բայց չեմ ասի հիմա, թե ով է․ ԲՏԱ նախարարը՝ «ՄՏՍ Հայաստանի» վաճառքի մասին

«Հայտը նայվել է, ներկայացված տեղեկատվությունը գործընկերների հետ ևս մեկ անգամ ստուգվել է և արդյունքում հավանություն է տրվել վաճառքին»,-կառավարության դիմաց լրագրողներին հայտնեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին, թե իր ղեկավարած նախարարությունը և ԱԱԾ-ն պետական շահի տեսանկյունից վտանգավոր տարրեր չե՞ն տեսել, երբ հավանություն են տվել «ՄՏՍ Հայաստանի» 100% բաժնեմասի վաճառքի գործարքին:

Հարցին, թե ազգային անվտանգության տեսանկյունից վտանգ չկա՞, որ շուրջ երկու միլիոն բաժանորդ ունեցող կապը վաճառքի է հանվում՝ նախարարը հարցով պատասխանեց․«Դուք այդտեղ տեսնո՞ւմ եք ազգային անվտանգության սպառնալիք»:

Խաչատրյանը սկզբում նշեց, թե «ՄՏՍ Հայաստանի» բաժնետոմսերը գնած «Ֆեդիլքո Գրուպ Լիմիրիդ» ընկերության իրական սեփականատիրոջ անունը չի հիշում, ապա հանկարծ հիշեց․«Իրական սեփականատերը հայտնի է, բայց ես չեմ ասի հիմա, թե ով է»,- խորհրդավոր պատասխանեց ԲՏԱ նախարարը: