Սամվել Շահրամանյանն ընդունել է Անդրանիկ Քոչարյանի՝ ԱԺ քննիչ հանձնաժողով գնալու առաջարկը

«Հրապարակի»-ի աղբյուրները հայտնում են, որ երկար մտորումներից հետո Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանն ընդունել է Անդրանիկ Քոչարյանի՝ ԱԺ քննիչ հանձնաժողով գնալու և ցուցմունք տալու առաջարկը։

44-օրյա պատերազմի օրերին Արցախի ԱՀ ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարի պաշտոնը զբաղեցրած Սամվել Շահրամանյանին հրավիրելով 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողով, հիշեցնենք, որ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասել էր․ «Սամվել Շահրամանյանը ինքնասպան լիներ՝ ավելի ճիշտ էր»: Քոչարյանն ասել էր, որ հանձնաժողովը դեռ մեկ ամիս ունի մինչև լիազորությունների ավարտը և իրենք մտադիր են Սամվել Շահրամանյանին հրավիրել, որ գա և պատասխանի իրենց հարցերին։

Ըստ կայքի աղբյուրի՝ Սամվել Շահրամանյանն ի սկզբանե որոշել էր չգնալ՝ հաշվի առնելով Ա. Քոչարյանի՝ իր հասցեին արված հայտարարությունները։

«Շահրամանյանը երկար է մտածել քննիչ հանձնաժողով գնալու-չգնալու վերաբերյալ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Անդրանիկ Քոչարյանը բազմիցս ոչ կոռեկտ է արտահայտվել, մի քանի անգամ հրապարակային վրավորական արտահայտություններ է հնչեցրել իր հասցեին։ Սակայն կարեւորելով նման հնչեղություն ունեցող գործի իրական բացահայտումները, որին կարող է ինքը նպաստել՝ համաձայնվել է նոյեմբերի 24-ին գնալ քննիչ հանձնաժողով, 44-օրյա պատերազմի ժամանակահատվածում ունեցած բոլոր տեղեկությունները լիարժեք տրամադրել հանձնաժողովին»,-ասել է աղբյուրը։

Հիշեցնենք, որ այսօր նոյեմբերի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտնել էր, որ քննիչ հանձնաժողով հրավիրելու գրությունն արդեն ուղարկվել է Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանին, սպասում են արձագանքին։ Ա. Քոչարյանը նաև հայտնել էր, որ քննիչ հանձնաժողով է հրավիրվել 44-օրյա պատերազմի օրերին Արցախի պաշտպանության բանակը ղեկավարած Ջալալ Հարությունյանը։

Իսկ Սամվել Շահրամանյանը եղել է Արցախի ԱԱԾ ղեկավարը՝ մինչև 2020 թ. մայիսը։

Հիշեցնենք նաև, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը լրանում է դեկտեմբերի 3-ին։