Պուտինի հրամանագրով Ռուդոլֆ Բաբոյանն ու Աշոտ Մարգարյանն արժանացել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը որոշում է ստորագրել ՌԴ վաստակավոր մարզիչ Ռուդոլֆ Բաբոյանին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրելու մասին:

Բաբոյանը ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ է, ՌԴ ֆիզկուլտուրայի վաստակավոր աշխատող, Էքստրա դասի միջազգային կարգի դատավոր, Ռուսաստանի հարավի սամբոյի ֆեդերացիայի նախագահ, ինչպես նաև Արմավիր քաղաքի պատվավոր քաղաքացի:

Նա նկատել է, որ որոշակի հերթականություն կա: Նախ՝ ՌԴ նախագահի կողմից պատվոգիր է եղել, ապա՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 3-րդ և 2-րդ աստիճանի շքանշաններ և, վերջապես, ներկայիս պարգևը:

Նույն մեդալին է արժանացել նաև ռուս սամբիստ և ձյուդոիստ, ԽՍՀՄ առաջնությունների չեմպիոն և մրցանակակիր, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի կրկնակի չեմպիոն, ՌԴ սպորտի վաստակավոր վարպետ, քաղաքային դումայի պատգամավոր, Արմավիրի պատվավոր քաղաքացի Աշոտ Մարգարյանը:

«Մենք շարունակելու ենք մեր բոլոր հմտություններն ու հնարավորությունները նվիրել մեր երկրում սամբոյի և ձյուդոյի զարգացմանը»,- նշել են նրանք: