Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 12-րդ փաթեթը կընդլայնի ցանկը և կազդի ադամանդների վրա. Բորել

Եվրահանձնաժողովը շուտով Եվրամիության խորհրդի հաստատմանը կներկայացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 12-րդ փաթեթը։ Այս մասին երկուշաբթի՝ նոյեմբերի 13-ին, միության արտաքին գործերի նախարարների մակարդակով հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։ Տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նա պարզաբանել է, որ հայտարարված նախագիծը երկու օրից պետք է համաձայնեցվի Եվրահանձնաժողովի ծրագրված նիստում, որից հետո հաստատման կներկայացվի։

Բորելն ասել է, որ պատժամիջոցների փաթեթի վրա աշխատանքը գրեթե ավարտված է։ Խոսքը, մասնավորապես, անձնական միջոցների, ինչպես նաև տնտեսական ու ոլորտային սահմանափակումների մասին է։

Այն կներառի սև ցուցակի ընդլայնում, արտահանման սահմանափակումներ, այդ թվում՝ ռուսական ադամանդների, նավթի գնի առաստաղի խստացման միջոցառումներ, ինչպես նաև պատժամիջոցները շրջանցելու դեմ միջոցառումներ։

Մասնավորապես, միջոցառումները կարող են ազդել ռուսական ադամանդ արտադրող Алроса-ի վրա, որն այժմ արդեն գտնվում է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների տակ, մի որոշում, որը կարող է նվազեցնել եկամուտը և մեծացնել լոգիստիկ ծախսերը: