Ծնունդով Արցախից ԱԽ քարտուղարը, Գլխավոր շտաբի պետը, վստահաբար, կապույտ անձնագրեր են ունեցել. Գեղամ Մանուկյան

Ազգային ժողովի հերթական նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ ԱԺ քառօրյայի օրակարգում մի շարք կետեր կան, որոնք վերաբերում են ՀՀ քաղաքացու անձնագրին։

«ԱԺ պաշտպանության հանձնաժողովում միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը ներկայացնում էր կապույտ անձնագրերի ու ID քարտերի հարցը, մի հստակ հարց էի տվել՝ ի վերջո կարո՞ղ է պարզ բացատրել ՀՀ քաղաքացուն, թե բոլորը ե՞րբ կարող են ստանալ ID քարտերը և կենսաչափական անձնագրերը։ Պատասխանը չկար, հայտնի չէ։ Մարդու պարտականությունն է ապահովել ՀՀ քաղաքացուն անձնագրով, բայց ասում է՝ հայտնի չի, փոխարենն առավոտից գիշեր հեռուստաեթերից չի իջնում, փորձում է Հայաստանի հանրությանը համոզել, որ Արցախի Հանրապետության քաղաքացիներին տրված այդ կապույտ անձնագիրը լոկ ճամփորդական անձնագիր է ու դրանով չեն կարող Արցախի քաղաքացիները տարբեր պաշտոնների նշանակվել»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը՝ բերելով մի անի օրինակ․«Անվտանգության խորհրդի քարտուղարը, որը ծնունդով Արցախի Մարտունի քաղաքից է, վստահաբար այդպիսի անձնագիր է ունեցել, Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը, որ ծնունդով Հարդութի Ազոխ գյուղից է, վստահ այդպիսի անձնագիր է ունեցել»։