Հայաստանում առաջին անգամ անցկացվում է «Երիտասարդ Հայուհի 2023» մրցույթը

Հայաստանում անցկացվում է աննախադեպ մասշտաբների մանկապատենական գեղեցկության մրցույթ՝ «Երիտասարդ Հայուհի 2023»։ Մրցույթի առաջին փուլին, որը տեղի ունեցավ նոյեմբերի 11-ին MeriDian Expo սրահում, մասնակցում էին ՀՀ 11 մարզի 8-18 տարեկան շուրջ 300 հայուհի: Մրցույթին մասնակցության հայտերը 1000-ից ավելին են եղել, 14 հոգուց բաղկացած մասնագիտական թիմը նախապես մեկնել է մարզեր ու կատարել ընտրություն՝ որոշ չափորոշիչների համապատասխան։

Եզրափակիչ փուլ անցած երեխաները հնարավորություն ունեն ներկայանալու նոյեմբերի 26-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Այստեղ յոթ հոգուց բաղկացած մասնագիտական ժյուրին՝ Անի Մնացականյանի գլխավորությամբ, կընտրի յոթ հաղթողներին։ Առաջին տեղն զբաղեցնողը որպես մրցանակ կստանա մեքենա, իսկ մյուս վեց հաղթողները կստանան դեպի Դուբայ շրջագայության ամբողջական փաթեթ։

Մրցույթն իրականություն է դարձել «Հակոբյաններ Համահայկական» կենտրոնի կողմից՝ Սմբատ Հակոբյանի և Անի Մնացականյանի գաղափարով։ Անի Մնացականյանը երկար տարիներ զբաղվել է պարարվեստով, հայ ազգային մշակույթի պահպանման եւ տարածման գործում ունի մեծ ներդրում։ «Հակոբյաններ Համահայկական» մշակութային կենտրոնն արդեն մոտ 8 տարի իրականացնում է տարբեր միջոցառումներ, հիմնականում բարեգործական, աջակցում և օգնում են անապահով ընտանիքներին։ Այս պահին բոլոր ռեսուրսները ուղղված են արցախցիներին օգնելու համար, իսկ Արցախից եկած շատ երեխաների համար այս մրցույթի մասնակցությունը եղել է անվճար։