ՀՀ Ազգային ժողովը կհյուրընկալի ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը. Ադրբեջանը չի մասնակցելու

Նոյեմբերի 18-20-ը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը կհյուրընկալի Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը՝ «ԵԱՀԿ-ն ճգնաժամի պահերին. Խորհրդարանական վեհաժողովի դերը ներքին և արտաքին մարտահրավերները հակազդելու գործում» խորագրի ներքո:

Հայաստանը հունիսի 13-ին ՀՀ ԱԺ նախագահի անունից պաշտոնական նամակով դիմել էր ԵԱՀԿ ԽՎ նախագահին և գլխավոր քարտուղարին՝ հայտնելով, որ Հայաստանի խորհրդարանը պատրաստ է աշնանային նստաշրջանն անցկացնել Երևանում:

Հայաստանում կհյուրընկալվեն կառույցի 57 անդամ պետությունների պատվիրակությունների շուրջ 300 պատգամավորներ: Կքննարկվեն Հարավային Կովկասի տարածաշրջանին առնչվող հարցեր: Նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ:

Ադրբեջանը չի մասնակցի նստաշրջանին:

Նշենք, որ նախապես որոշված էր, որ այս նստաշրջանը պետք է անցկացվի Ուզբեկստանի Սամարկանդ քաղաքում, սակայն, 2023թ․-ի փետրվարին պարզ դարձավ, որ քաղաքական դրդապատճառներից ելնելով Ուզբեկստանի կառավարությունը չեղարկել է նիստը հյուրընկալելու իր որոշումը։

Մի շարք երկրների պատվիրակությունների անդամներ արդեն ցանկություն են հայտնել նիստի անցկացման ժամանակահատվածում նրանց այցը կազմակերպել նաև Հայաստանի սահմաններին ԵՄ դիտորդական առաքելություն իրականացնող հատվածներ։

Նախատեսվում է անցկացնել նաև մի շարք երկկողմ հանդիպումներ տարբեր երկրների պատվիրակությունների և ՀՀ ԱԺ համապատասխան բարեկամական խմբերի միջև։