Գրիգորյանն ու Կլաարը կքննարկեն Փաշինյան- Ալիև-Միշել հանդիպում անցկացնելու հարցը․ «Ազատություն»

Բրյուսելում գտնվող Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության (ԵՄ) հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ հանդիպմանը կքննարկի Փաշինյան-Ալիև-Միշել ձևաչափով հանդիպում անցկացնելու հարցը, լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է Գրիգորյանը:  Փոխանցում է «Ազատությունը»։
Հոկտեմբերի վերջին հենց Կլաարն էր տեղեկացրել, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը տեղի չի ունենա ժամանակի սղության պատճառով։
Անվտանգության խորհրդի քարտուղարը այսօր վերահաստատել է՝ Հայաստանը պատրաստ է եռակողմ ձևաչափով հանդիպմանը Բրյուսելում։
«Դա նախկինում էլ ենք ասել, հիմա էլ ենք ասում՝ Հայաստանը պատրաստ է։ Երբ հնարավոր լինի, այսինքն՝ երեք կողմը պետք է համաձայն լինեն։ Առնվազն Հայաստանը միանշանակ համաձայն է: Երբ որ համաձայնություն լինի, այդ հանդիպումը տեղի կունենա»,- շեշտել է Գրիգորյանը։
Ինչ վերաբերում է ռուսական կողմից պարբերաբար հնչող հրավերներին, թե իրենք պատրաստ են բանակցությունների համար Մոսկվայում կողմերին հարթակ տրամադրել, Գրիգորյանն արձագանքել է, թե նման հրավերներից տեղյակ չէ։