Հայկ Մամիջանյանին կանչել են Քննչական կոմիտե հարցաքննության

ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանին կանչել են Քննչական կոմիտե հարցաքննության՝ ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում: Այս մասին ընդդիմադիր պատգամավորը գրել է ֆեյսբուքյան իր էջում․

«Քիչ առաջ ՀՀ քննչական կոմիտեից ստացա հարցաքննության կանչվելու մասին ծանուցագիր` ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի (Բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը) 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթով:

Վարույթի նախաձեռնման հիմքում դրվել է սույն թվականի սեպտեմբերի 12-ին Ազգային ժողովում իմ տված ճեպազրույցի և ելույթի ժամանակ արտահայտած խոսքերս»,- գրել է Մամիջանյանը։

Հիշեցնենք, որ սեպտեբերի 12-ին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազույցում Հայկ Մամիջանյանն ասել էր, որ Արցախը պետք է դիմանա, ինչպես և անում է, մինչև Երևանը փոխվի. «Երկու հայկական պետությունների գոյության այլ տարբերակ գոյություն չունի»։ Լրագրողների հարցին, թե Երևանն ինչպե՞ս է փոխվելու, նա պատասխանել էր․ «Երևանը փոխվելու է մեր բոլորի, դրսում կանգնած քաղաքացիների, հայրենասերների քրտինքով, և եթե Փաշինյանն անմտություն անի՝ նաև արյամբ»։