Պեմզաշենում սահմռկեցուցիչ սպանության համահեղինակ Վրույր Բարսեղյանն ասաց, որ հայերեն գրել չգիտի, ունի վեցամյա կրթություն

Պեմզաշենում սարսափելի սպանության մեջ մեղադրվողներից 33-ամյա Վրույր Բարսեղյանն այսօր՝ նոյեմբերի 9-ին, դատարանում հայտարարեց, որ չի տիրապետում հայերեն գրավոր լեզվին, ունի վեցամյա կրթություն։ Նա նշեց, որ ամուսնացած է, խնամքին ունի երեք երեխա, մայրն ու կինը։ Երեխաներից ավագը վեց տարեկան է, միջնեկը՝ չորս, փոքրը՝ մեկ, նախկինում դատապարտված չի եղել։

Հարցին՝ մեղադրական եզրակացությունը, իրավունքների վերաբերյալ հուշաթերթիկը ստացե՞լ է, նա պատասխանեց. «Ստացել եմ, բայց չեմ կարդացել, հայերեն տառերին լավ չեմ տիրապետում։ Թարգմանչի կարիք չունեմ, հայերեն տառերը չգիտեմ, որովհետև Ռուսաստան եմ դասի գնացել»,-հայտարարեց Բարսեղյանը։

Հուշաթերթիկը նրա համար կարդալ խնդրեցին պաշտպան Աղաջանյանին։

Արկադի Բարսեղյանը հայտարարեց՝  ամուսնացած է, խնամքին հինգ տարեկան որդին է, հայրը, մայրը, եղբայրը։ Նախկինում դատապարտված չի եղել, հիմնականում մեկնել է արտագնա աշխատանքի։

Նրա նոր ներգրավված պաշտպանը հայտարարեց՝ ծանոթ է գործի նյութերին, կարող են նիստը շարունակել։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Պեմզաշեն գյուղի սեփական բնակարանում սպանված էին գտել 31-ամյա Զարինե Մելիքսեթյանին, նրա 12-ամյա դստերը եւ 8-ամյա որդուն:

Դաժան սպանության կասկածանքով ձերբակալվել, ապա կալանավորվել են Շիրակի մարզի 32-ամյա բնակիչ Վրույր Բարսեղյանը և նրա ազգականը՝ 41-ամյա Արկադի Բարսեղյանը։

Վրույրը Բարսեղյանն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը՝ տալով ինքնախոստովանական ցուցմունք, իսկ Արկադի Բարսեղյանը հակառակը՝ չի ընդունում մեղադրանքը եւ նշում է, որ դեպքի վայրում չի եղել։ Երկու մեղադրյալներն էլ ամուսնացած են, ունեն երեխաներ։ Սպանված կնոջ ամուսինը ՌԴ-ում էր՝ արտագնա աշխատանքի, վերադարձել է ողբերգական դեպքից հետո։

Ըստ Քննչական կոմիտեի վարկածի՝ անմարդկային սպանությունների շարժառիթը եղել է գողությունը։

Վրույր Բարսեղյանին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ ՔՕ 155-րդ (սպանություն) հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 8-րդ եւ 13-րդ կետերով, 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ , 5-րդ, 6-րդ եւ 13-րդ կետերով (2 դրվագ), 252-րդ (ավազակություն) հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով եւ 198-րդ (սեքսուալ բնույթի բռնի գործողություններ) հոդվածի 4-րդ մասով։ Արկադի Բարսեղյանին մեղադրանք է ներկայացվել 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ, 13-րդ կետերով եւ 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: