ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն ժամանել է Վրաստան

ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի անդամները երկօրյա այցով ժամանել են Վրաստան՝ քննարկելու պաշտպանական բարեփոխումները։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ Վրաստանի պաշտպանության նախարարությանը հղումով։

Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ ռազմական կոմիտեի պատվիրակությունը գլխավորել է, ծովակալ Ռոբ Բաուերը, որին դիմավորել է Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն։

«Կողմերը քննարկել են պաշտպանության ոլորտում բարեփոխումների գործընթացում Վրաստանի ձեռք բերած առաջընթացը։ Նշվել է համատեղ զորավարժություններին վրացական պաշտպանական ուժերի մասնակցության և Վրաստանում միջազգային վարժանքների անցկացման հարցերը»,- հայտնում է ՊՆ-ն։

Կողմերը նաև քննարկել են տարածաշրջանային անվտանգության առկա մարտահրավերներն ու մանրամասները, ինչպես նաև ՆԱՏՕ-ի և Վրաստանի միջև համագործակցության զարգացման հեռանկարները։

Սպասվում է, որ այցի շրջանակներում ռազմական կոմիտեի անդամները կայցելեն վրացական «Դիդգորի-2023» զորավարժություններ և լիագումար նիստ կանցկացնեն Թբիլիսիում։