Սամվել Շահրամանյանը նամակով դիմել է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին

Հաշվի առնելով, որ վերջին ժամանակներս համացանցում, մասնավորապես, սոցիալական ցանցերում առանձին օգտատերերի կողմից լայն տարածում են ստացել Արցախի Հանրապետության պաշտոնատար անձանց կողմից առերևույթ հանցագործություններ կատարելու մասին հրապարակումներ և հանգամանքը, որ Արցախի Հանրապետության իշխանությունները շահագրգռված են պաշտոնատար անձանց կողմից կատարված հնարավոր չարաշահումները բացահայտելու և մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու հարցում՝ նախագահ Սամվել Շահրամանյանը նամակով դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ խնդրանքով, որ նմանատիպ հրապարակումները ՀՀ դատախազությունն ընդունի որպես հանցագործության մասին հաղորդումներ և դրանք քննության առնի օրենսդրությամբ սահմանված կարգով։ Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը:

«Այն քաղաքացիներին, որոնք ունեն տեղեկություններ կամ փաստեր վերոգրյալի կապակցությամբ, հորդորում ենք աջակցել գործընթացին և դրանք ներկայացնել ՀՀ իրավապահ մարմիններին»,-ասված է հաղորդագրության մեջ: