Ուկրաինացի վարորդները փողոց են հանել լեհերին

Լարված իրավիճակ է ստեղծվել Լեհաստան-Ուկրաինա սահմանին։ Բեռնափոխադրող ընկերությունների աշխատակիցները փողոց են դուրս եկել՝ բողոքելով, որ ուկրաինացի վարորդները ցածր գներով են ծառայություն մատուցում՝ իրենց դուրս թողնելով մրցակցությունից։

Politico-ն գրում է՝ լեհ վարորդները բեռնատարներով արգելափակել  են Ուկրաինայի հետ սահմանային անցակետերը՝ բողոքելով ԵՄ համաձայնագրի դեմ, որը թույլ է տալիս ուկրաինացի վարորդներին հեշտ  ու էժան գներով մուտք գործել դաշինք:

«Լեհ վարորդները բողոքում են, որ ուկրաինացիներն ապրանքներ են տեղափոխում հենց Լեհաստանի ներսում, ինչպես նաև ապրանքներ են տեղափոխում Լեհաստանից երրորդ երկրներ»,- նշում է աղբյուրը։

Բողոքի ակցիայի կազմակերպիչներից մեկը՝ Յացեկ Սոկուլը պատմել է, որ ինքն ընկերություն ունի արևելյան Լեհաստանում։ Գործարարի խոսքով՝ ուկրաինացի բեռնատարները արտաքին և ներքին փոխադրումներ են իրականացնում լեհականից ավելի ցածր գներով։

Սոկուլի խոսքով՝ ուկրաինացիների պատճառով ընկերության վարորդների թիվը կրճատել է 40 տոկոսով։