Ադրբեջանցի դատախազը պահանջում է 15 տարվա ազատազրկման դատապարտել Վագիֆ Խաչատրյանին

Բաքվի դատարանում այսօր շարունակվել է Լաչինի միջանցքից ապօրինաբար առևանգված Վագիֆ Խաչատրյանի դեմ շինծու դատավարությունը, որը նախագահում է Բաքվի ռազմական դատարանի նախագահ Զեյնալ Աղաևը։ Ադրբեջանցի դատախազը մեղադրական ճառով հանդես եկավ՝ պահանջելով դատապարտել Վագիֆ Խաչատրյանին ազատազրկման՝ 15 տարի ժամկետով։ 

Հիշեցնենք, որ արցախցի 68-ամյա Վագիֆ Խաչատրյանն առևանգվել է հուլիսի 29-ին Լաչինի միջանցքում և տեղափոխվել Բաքու, երբ փորձել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Հայաստան տեղափոխվել բուժման նպատակով։

Ադրբեջանում Վագիֆ Խաչատրյանին մեղադրանք են առաջադրել քրեական օրենսգրքի երկու հոդվածների հատկանիշներով՝ ցեղասպանություն ու բռնի տեղահանում։ Բաքուն նրան մեղադրում է 1991 թվականի դեկտեմբերի 22-ին Մեշալի գյուղում «ցեղասպանության» իրականացման համար։ Շինծու գործով 59 «տուժող» են գտել, որոնք իբր ճանաչել են Վագիֆ Խաչատրյանին։

Վագիֆ Խաչատրյանը Բաքվի դատարանում հայտարարել է՝ չի ընդունում մեղադրանքը, չի մասնակցել ադրբեջանցիների նկատմամբ որևէ հանցագործության։