Ազատվել քրեական պատասխանատվությունից՝ ծառայելով կամ վճարել մեծ գումար և չծառայել. ՔՊ պատգամավորի նախաձեռնությունը

ԱԺ ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանը օրենքի նախագիծ է ներկայացրել, որը հնարավորություն կտա 27 տարին լրացած, սակայն պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին ազատվել գործող օրենսդրությամբ սահմանված քրեական պատասխանատվությունից։

Ըստ նախագծի՝ ծառայությունից խուսափած անձինք հնարավորություն կունենան կրճատված ժամկետով ծառայել, կամ ՀՀ պետական բյուջե համապատասխան գումարներ վճարելու միջոցով ազատվել ծառայությունից և պատասխանատվությունից։

Հայկ Սարգսյանը համոզված է, որ իր հեղինակած օրենքի նախագիծը լրացուցիչ զորակոչ կապահովի հայկական բանակի համար՝ նրան տալով մեծ ֆինանսական հոսքեր, ինչը նաև կամրապնդի Հայաստանի պաշտպանությունն ու անվտանգությունը։

«Սույն նախագծով առաջարկվում է 10 միլիոն դրամ վճարել նրանց, ովքեր կծառայեն մեկ ամիս, իսկ նրանք, ովքեր ընդհանրապես չեն ցանկանա ծառայել, ապա պետք է վճարեն 15 միլիոն դրամ։ Մեծ գումարային տարբերությունն այն շահագրգռող հանգամանքն է, որպեսզի քաղաքացիներն, այդուհանդերձ, մեկ ամիս ծառայեն հայկական բանակում։ Ի սկզբանե ցանկացել էի, որ գումարը լինի 10 միլիոն դրամ, սակայն ամեն դեպքում հարցը ՊՆ-ի մեր գործընկերների հետ քննարկելու և օտար երկրների փորձն ուսումնասիրելու արդյունքում որոշեցինք այնպիսի կարգավորում անել, որ քաղաքացիները գոնե մեկ ամիս ծառայեն։ Օրինակ, դրսում ապրած և Հայաստանի կյանքին չինտեգրված անձինք կգան և կհագնեն հայկական բանակի համազգեստը, կծառայեն ՀՀ զինված ուժերում, կիմանան բանակում ծառայելու կանոններն ու ավելի կկապվեն հայրենիքի հետ։ Ավելին, այդ մեկամսյա ծառայությունը շատերի մոտ կարող է Հայաստան տեղափոխվելու և այստեղ մշտապես բնակվելու ցանկություն առաջացնել»,- նշեց բանախոսը։

«Շատ հաճախ ասում են, որ նախագիծը հնարավորություն է տալու 15 միլիոն դրամ վճարել և խուսափել զինծառայությունից ու քրեական պատասխանատվությունից, ինչը չի համապատասխանում իրականությանը, քանի որ նախագիծը վերաբերում է միայն 27 տարին լրացած արական սեռի քաղաքացիներին։ Գործող կարգավորումներով՝ 27 տարին լրացած արական սեռի ներկայացուցիչները հնարավորություն չունեն ծառայելու։

Քաղաքացին հայտնաբերվելու կամ կամովին ներկայանալու դեպքում ունի մեկ տարբերակ՝ ազատազրկվել կալանավորմամբ՝ մինչև հինգ տարի ժամկետով։ Նոր օրինագծով, եթե քաղաքացին գտնվում է հետախուզման մեջ, բայց ցանկանում է գալ և ծառայել զինված ուժերում՝ ազատվելով քրեական պատասխանատվությունից, նրան ընձեռվում է նման հնարավորություն, հետևաբար, անտեղի է այն պնդումը, թե նոր օրինագծով բանակում ծառայելու հնարավորություն չի տրվում»,- ասաց ԱԺ պատգամավորը։

Հայկ Սարգսյանն ասաց, թե 2021 թվականին ԱԺ-ի կողմից համաներում է ընդունվել բոլոր այն քաղաքացիների նկատմամբ, որոնք չէին ծառայել հայոց բանակում. «Նրանք հնարավորություն ունեցան ներկայանալու և ազատվելու քրեական պատասխանատվությունից՝ չվճարելով որևէ դրամ և չծառայելով ոչ մի օր։ Ես դեմ եմ այդ համաներմանը, հիմա էլ եմ դեմ»։