Բաքուն նոր կեղտոտ խաղ է մտածել

Ադրբեջանական խորհրդարանի քննարկմանն է ներկայացվել այդ երկրի 2024 թվականի պետական բյուջեի նախագիծը: Ալիևի կողմից հայազրկված ու ադրբեջանական վերահսկողության տակ անցած Արցախի համար բյուջետային հատկացումները զրոյական են, չկան: Նախագծին կցված հիմնավորման մեջ նշված է, որ, օրինակ, Ստեփականերտը, իրենց տերմինաբանությամբ Խանքենդին, չի կարող քաղաք համարվել, քանի որ դրա համար անհրաժեշտ բնակչության նվազագույն թվակազմը օրենքով սահմանված է 15 հազար: Ուշադրություն է գրավում կից տեղեկությունը, թե ներկա պահին նշված բնակավայրի բնակչությունը մոտենում է ընդամենը 4500-ի:

Զարմացնում է նաև այն, որ հանրային-պետական կառավարման ապարատի պահպանության ծախսերում անգամ հատկացումներ չկան, այսինքն՝ գրավված նոր տարածքները որևէ վարչա-տարածքային միավորի կազմում ներառված չեն:

Թերևս իմաստ ունի հիշեցնել, որ եվրոպական հարթակներում բանակցությունների անցկացումից արդեն երկու անգամ հրաժարված և Մոսկվայի միջնորդական առաքելության ջերմ կողմնակից դարձած Բաքուն զարմանալի լռությամբ է ընդունում ռուսական խաղաղապահ զորակազմի ռոտացիայի և ռազմական տեխնիկայի վերանորոգման նպատակով Ռուսաստան տեղափոխվելու մասին պաշտոնական հաղորդագրությունները: Նոր կեղտոտ խաղ են մտածել ամենայն հավանականությամբ:

Վարդան Բալյան