Իսրայելի Պաշտպանության բանակը հայտարարել է Գազա քաղաքի շրջափակման մասին

Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) ուժերն այս պահին գտնվում են Գազայի հատվածի վարչական կենտրոնի տարածքում և շրջապատում են այն մի շարք ուղղություններից: Այս մասին հայտարարել է Իսրայելի բանակի գլխավոր շտաբի պետ Հերցի Հալևին, փոխանցում է «Իզվեստիա»-ն։

«Մեր զինվորներն այժմ արդեն Գազա քաղաքում են՝ շրջապատելով այն մի քանի կողմերից, և ես տեսնում եմ, թե ինչպես ենք մենք առաջընթաց գրանցում: Մենք ստիպված ենք կռվել շատ ծանր իրավիճակում՝ խիտ բնակեցված, կառուցապատված տարածքում»,- ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի թելեգրամյան ալիքում։

Ավելի վաղ ՑԱԽԱԼ-ը հայտնել էր Գազայի հատվածի հյուսիսում մի քանի ահաբեկչական բջիջների հետ բախման մասին: Նշվում է, որ ռազմական գործողությունների ընթացքում սպանվել են տասնյակ ահաբեկիչներ։ Զինծառայողները նաև հարված են հասցրել ջոկատին, որը նախատեսում էր հակատանկային հրթիռներ արձակել իսրայելցիների ուղղությամբ: