Ռազմական քարտեզների բնօրինակը մեկն է, բայց Հայաստանը և Ադրբեջանը հասանելիություն ունեն. Հակոբ Արշակյան

Գրանադայի հանդիպմանը Ալիևի չգալը, իհարկե, դրական ազդակ չէ, և Եվրոպայի կողմից ընդունված բանաձևերը նաև միտված էին, որ որոշակի ճնշում գործադրեն: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը:

Նրա խոսքով, միջազգային հանդիպումներում Հայաստանը բարձրաձայնում է մի քանի սկզբունքներ, որոնցից ամենակարևորը տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումն է. «Գիտեք, որ մենք թվերով արձանագրել ենք այդ տարածքները, որպեսզի տարատեսակ մեկնաբանությունների առիթ չտա, թե ինչ ենք հասկանում տարածքային ամբողջականություն ասելով: Սեղանի շուրջ խոսակցությունների ընթացքում այդ ընկալումը կա: Խոսքն այդ ընկալման դե յուրե ամրագրումն է և որոշակի փաստաթղթի ստորագրումը՝ այս սկզբունքները հաշվի առնելով»,-ասաց Արշակյանը:

Հարցին՝ Հայաստանն ունի՞ ԽՍՀՄ ռազմական քարտեզները, որոնց հիման վրա պետք է իրականացվի դելիմիտացիայի գործընթացը, քանի որ խոսվում է, որ դրանք Ռուսաստանի մոտ կան միայն, ԱԺ փոխխոսնակը պատասխանեց. «Բնօրինակը, իհարկե, մեկ հատ է, չեն կարող բոլորն ունենալ բնօրինակ, բայց այդ քարտեզները կան և Հայաստանն ունի դրանց ծանոթանալու հնարավորությունը: Այդ քարտեզներին հասանելիությունը ունեն թե Հայաստանը, թե Ադրբեջանը»: